Գլխավոր Հարցազրույց Ռազմական Քաղաքական սատիրա 

Խաղաղապահների տեղակայումը կօկուպացնի Ղարաբաղը. Ս. Շաքարյանց

analitik.am

Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացից դուրս մնալու մեղավորությունը քաղաքական գործիչները բարդում են միմյանց վրա, ե՞րբ ու ո՞ւմ մեղքով դա տեղի ունեցավ, ի՞նչ է տալու ԼՂՀ-ի վերադարձը բանակցային սեղան և ի՞նչ ասել է կազանյան փաստաթուղթ ու մադրիդյան սկզբունքներ: Այս հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ  Սերգեյ Շաքարյանցի հետ:

-Պարոն Շաքարյանց, օրեր առաջ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծող համաձայնագիրն արդեն գրեթե պատրաստ է: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Կարծիքներ կան, որ խոսքը վերաբերում է կազանյան փաստաթղթին, որքանո՞վ է դա հավանական:

-Քանի որ մենք չգիտենք, թե ինչ փաստաթղթի մասին է խոսվում, ինչ-որ բան ասել չենք կարող, իսկ ենթադրություններն իրականում բավարար չեն եզարակացություններ անելու համար: Եթե մտնենք ենթադրությունների դաշտ, կարող ենք եզրակացնել, որ խոսքը հենց կազանյան փաստաթղթի մասին է: Ընդ որում, այդ փաստաթուղթը վերջին պահին տապալեց հենց Ադրբեջանը՝ լրացուցիչ 10-12 կետ առաջ քաշելով:

Ամեն դեպքում, եթե կողմերի համար կազանյան փաստաթուղթն անընդելի լինի, դժվար թե դրա բովանդակությունը բացահայտվի, և մենք դրա մասին, ինչպես 2011-ին էր, այնպես էլ այսօր, ոչինչ չենք կարող ասել: Իսկ, եթե կազանյան փաստաթղթի կետերը ինչ-որ չափով նման են մադրիդյան սկզբունքներին, ապա այնտեղ պետք է տեղ գտած լինի մի կետ, որը վերաբերում է հատուկ հանձնաժողով ստեղծելուն: Այդ հանձնաժողովը պետք է զբաղվեր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությամբ: Բացի դրանից, խոսք կար նաև դիպուկահարներին առաջնային գծից հանելու մասին: Ռուսաստանը մինչև կազանյանյան հանդիպումը հենց նման պահանջներ էր դրել, սակայն դա չընդունվեց Ադրբեջանի կողմից:

-Վերջին օրերին խիստ ակտիվացել են նաև խոսակցությունները մադրիդյան սկզբունքների մասին: Այս մասով ի՞նչ կասեք և արդյո՞ք այդ սկզբունքները ձեռնտու են հայկական կողմին:

-Իրականում մադրիդյան սկզբունքների մասին քննարկուները միշտ էլ եղել են և դրանք վաղուց սեղանին դրված են: Բազմիցս հայտարարվել է, թե ինչ-որ համաձայնություններ կան մադրիդյան սկզբունքների մասով, սակայն իրականում նման բան չկա, քանի որ այդ փաստաթղթի որևէ կետի շուրջ համաձայնություն չկա, և կողմերի մոտեցումները նույնիսկ մոտ չեն եղել իրար: Կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է շեշտադրումը կատարել այն սկզբուքների վրա, որոնք ձեռնտու են հենց իրենց, դրա համար այդ փաստաթուղթը, չնայած ձևակերպված լինելուն, համաձայնեցված չէ:

-Այս օրերին ակտիվացել են նաև խոսակցություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմը: Բայց մենք գիտենք, որ Արցախը եղել է նման կարգավիճակում, ինչպե՞ս և ու՞մ մեղքով ստացվեց, որ այսօր այդպես չէ, և հայկական կողմը պետք է պայքարի մի բանի համար, ինչն արդեն ունեցել է:

-Առաջին մեղավորը հավաքական Արևմուտքն է: Բնականաբար, Արցախին բանակցային գործընթացից դուրս բերելու պահանջը դրվել է Բաքվի կողմից, սակայն հենց ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն են ճնշում գործադրողը եղել: Գործընթացի սկիզբը դրվեց, այսպես կոչված, «Դարի գործարքից» հետո, երբ որոշվեց, որ Կասպից ծովի նավթի արդյունահանմամբ  զբաղվելու են ամերիկացիները և եվրոպացիները: Դրանից հետո  ամերիկացիները դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և 1997 թվականի հունվարից սկսեցին իրենց առաքելությունը: Այդ շղթան ի վերջո բերեց նրան, որ այն ժամանակվա իբր վերընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու պահանջը: 1997 թվականի վերջին Հայաստանի քաղաքական դաշտում խմորումներ սկսվեցին, ինչից հետո 1998 թվականի հունվարին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ  ԼՂՀ-ն բանակցություններից դե յուրե դուրս եկավ արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այստեղ պետք է հասկանալ, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու որոշումը կայացվել է 1997 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, դա եղել է Տեր-Պետրոսյանի որոշումը:

-Պարոն Շաքարյանց, իսկ եթե ամեն դեպքում Արցախը վերադառնա բանակցային  գործընթաց, կարո՞ղ ենք դրական տեղաշարժերի սպասել:

-Այո, այստեղ պետք է օգտագործել հենց «վերադառնալ» եզրույթը, քանի որ, Ադրբեջանը մոտ 1,5-2 տարի բանակցություններ վարել է Լեռնային Ղարաբաղի հետ, և դա վկայող փաստաթղթերը կան: Ամեն դեպքում ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա, քանի որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել: Համանախագահներն էլ իրենց հերթին որևէ երաշխիք չեն տալիս, ուղղակի ասում են, որ ինչ-որ պահի դա տեղի կունենա, այսինքն մենք պետք է հասկանանք, որ դա չի լինելու:

-Լավ, իսկ ի՞նչ զարգացումների պետք է սպասենք:

-Կարծում եմ, որ 1,5-3 ամիս հարաբերական անդորր կլինի, եթե իհարկե հայաստանյան իշխանությունները միակողմանի զիջումների չգնան: Իսկ զիջման մասին հայկական կողմն արդեն խոսել է: Խոսքը վերաբերում է Բեռլինում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմը դեմ չէ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը: Նման քայլով դու համաձայնություն ես տալիս, որ ինչ-որ մեկի զորքերը՝ անկախ դրանից, թե ինչ դրոշի տակ դրանք կլինեն, օկուպացնեն Լեռնային Ղարաբաղը: Մենք օրինակներ ունենք, թե ինչի կարող է դա հանգեցնել. Երբ Սերբիային ստիպեցին գնալ այդ քայլին, տեսանք թե ինչ եղավ՝ բոսնիացի սերբերին զրկեցին ռազմական հաղթանակներից, սերբերի մի մասին ենթարկեցին ցեղասպանության և այլն: Ամեն ինչ արվեց քրիստոնյաների դեմ, ամերիացիները միշտ են այդպես գործում: Ամեն ինչ արվել է ՆԱՏՕ-ի դրոշի ներքո,  նույն բանն այժմ կրկնվում է նաև Սիրիայում, որտեղ փորձ է արվում բնաջնջել քրիստոնյաներին և Մերձավոր Արևելքում քրիտոնյա չթողնել: Այդ մասին նույնիսկ Հռոմի Պապն է հայտարարել: Ով մոռանում է Սերբիայի նախադեպը, հայ ազգի դավաճան է:

Ես չեմ ակնկալում, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելն ինչ-որ հարցի լուծման կբերի: Դա չեղավ Բալկաններում, որտեղ ամեն ինչ արվեց Ամերիկայի հովանու ներքո ու հովանավորությամբ, ի օգուտ Թուրքիայի և Թուրքիայի խամաճիկների, չի լուծվելու նաև Արցախում: Իհարկե ես չեմ կարող բացառել, որ հայերի մեջ չեն լինի մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն դոլարով դառնալ Ամերիկայի խամաճիկ, չնայած նման մարդիկ կան, ու մենք գիտենք այդ մասին:

-Իսկ ի՞նչ կլինի, եթե միակողմանի զիջումներ չլինեն, իրավիճակը կրկին կսրվի՞:

-Չեմ բացառում… Մենք արդեն տեսնում ենք, որ տարբեր աղբյուրներ, այդ թվում  եվրոպական, ասորական, քրդական, պնդում են, որ թուրքական գործոնն է  եղել չորսօրյա պատերազմում: Այսինքն, եթե իմ նշած ժամանակահատվածում ինչ-որ ուժեր չփորձեն ազդել Թուրքիայի վրա՝ թեկուզ ելնելով սեփական շահերից, հնարավոր է կրկին սրացումներ լինեն:

Իսկ մեր համապատասխան գործիչները պետք է թարգեն իրենց բիզնեսը և մտածեն ազգային արժեքների մասին և իրենց քայլերն անեն ազգի շահերից ելնելով: Իսկ գործարարները, եթե լավ գործարար են, թող օրինակ, Իրանի հետ աշխատեն, որտեղից ավելի էժան ապրանք կարող են բերել,  ոչ թե  Թուրքիայի: Նույնը վերաբերում է նաև բենզինին, որը նույն Իրանից ավելի էժան կբերեն, քան  Ռուսաստանից:

Նույն շարքից