Գլխավոր Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Հայոց Ցեղասպանության դատապարտումը պետք է ոչ միայն մեզ, այլ նաև՝ մարդկությանը. Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

analitik.am

«Ընդհանրապես մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ հենց մեր օրերում՝ դարերի ընդմիջումից հետո, Հայոց եկեղեցին սրբադասում իրականացրեց»,-այսօր՝ ապրիլի 19-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով 2015 թվականին իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը և հիշեցնելով, որ մեր վերջին սրբերը Գրիգոր Տաթևացին և Հովնան Որոտնեցին են, ովքեր սրբադասվել են 15-րդ դարում.

«Իսկ ավելի ուշ՝ 1774 թվականին, Սիմյոն Երևանցի կաթողիկոսը պատարագի մեջ ավելացրեց նաև Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակությունը»: Հայր Զաքարիան նշեց, որ Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման անհրաժեշտության մասին խոսակցությունները սկսվել են դեռ 1920-ական թվականներին. «2005 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ի օրհնությամբ ստեղծվեց Հայոց եկեղեցու սրբադասման միացյալ հանձնախումբ, որը խնդիր ուներ վերականգնել սրբադասման կարգը և քննարկել Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը: Դրան հաջորդեց շուրջ 10 հանդիպում, եղան երկար քննարկումներ և 2015 թվականի ապրիլի 23-ին եկեղեցին սրբադասեց հայոց նահատակներին՝ նշելով, որ վերջիններս նահատակվել են վասն Հիսուսի և վասն հայրենյանց: Պետք է ասել, որ այդ բնորոշումը վերցված է Սուրբ Եղիշե վարդապետի «Վասն Վարդանա և հայոց պատերազմի» աշխատությունից»:

Բանախոսի խոսքերով, տեղի ունեցածը մեզ համար պատմական իրադարձություն է, որովհետև երկինքը հարստացավ սրբերով և ավելացան նաև մեր բարեխոսները, քանի որ այդ մարդիկ զոհվեցին հանուն իրենց հավատքի և ազգային արմատների: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հայոց նահատակների սրբադասումն ինչ արձագանք ստացավ մյուս եկեղեցիների կողմից և արդյոք կնպաստի Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընացին, հայր Զաքարիան ասաց, որ 2015 թվականն առհասարակ խոհրդանշական տարի էր, որովհետև մենք ոգեկոչում էինք Հայոց Ցեղասպանության 100 ամյակը, ինչն առիթ էր ևս մեկ անգամ բարձրայնելու մեր խնդրի մասին և կոչ անելու քույր եկեղեցիներին արդարության ձայն բարձրացնել.

«Ի ուրախություն մեզ՝ մեծ արձագանք եղավ, շատ եկեղեցիներից ներկայացուցիչներ եկան ու մասնակցեցին մեր սրբազան արարողությանը, ապա նրանք խորհրդանշական արարողություններ կատարեցին արդեն իրենց երկրներում: Սա շատ կարևոր է, քանի որ Հայոց Ցեղասպանության դատապարտումը պետք է ոչ միայն մեզ, այլ նաև՝ մարդկությանը, հակառակ դեպքում դրանք կարող են կրկնվել»:

Հյուրի խոսքերով ճանաչումը սկիզբն է մեկ այլ գործընթացի՝ պահանջատիրության, քանի որ հայ ազգը կորցրել է իր հայրենիքի մեծ մասը, իր սրբություններին:

13059413_1012583698811800_732801952_n 13059665_1012583715478465_1594308491_n 13023241_1012583705478466_404870976_n

Նույն շարքից