Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Մարսելում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշապաստառ է բացվել

analitik.am

Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն Ազիլազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Մարսելում հավատարմագրված մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի եւ այլազգի հասարակական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Բանախոսները նշեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային պայքարը շարունակվելու է մինչեւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչեւ ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը: Բանախոսները զուգահեռներ անցկացրեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակումների միջեւ, որի ընթացքում ադրբեջանական ուժերը կանխամտածված թիրախ էին դարձրել քաղաքացիական բնակավայրերը ու խաղաղ բնակչությանը եւ որին զոհ դարձան այդ թվում երեխաներ ու ծերեր:

Նշվեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բարբարոսական արարքները հիշեցնում են Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպան ձեռագիրը, երբ հանցագործները իրենց թիրախի ընտրությունը պայմանավորում էին ազգային պատկանելությամբ:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Բուք Բել Էր քաղաքում: Ապրիլի 15-ին ՀՀ հյուպատոսը մասնակցել էր քաղաքի քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը` Բուք Բել Էրի քաղաքապետ, Ֆանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամ Ռիշարդ Մայեի, փոխքաղաքապետ եւ տեղի հայկական կազմակերպության նախագահ Էդմոնդ Էյտեդջյանի հետ, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի անդամներ, Բուք Բել Էրի բնակիչներ եւ այլոք:

Նույն շարքից