Հայաստան Հիշում եմ և պահանջում Միջազգային 

Ադամ Շիֆը հիասթափված է Օբամայից «ցեղասպանություն» բառը չարտաբերելու պատճառով

analitik.am

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ ուղերձի հրապարակումից հետո հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում իր հիասթափությունն է հայտնել Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու առնչությամբ։

«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան լավ իմացող նախագահի համար, ով սենատոր ու նախագահի թեկնածու եղած ժամանակ այնպիսի ջերմեռանդությամբ էր խոսում Ցեղասպանության թեմայի շուրջ, միշտ պաշտպանում էր մարդու իրավունքները, ներկայիս ընտրած լռության տարբերակն այնքան ցավալի է: Թուրքիային հաճոյանալու համար լռության պահպանումը բարոյական արդարացում չունի ու հակառակ արդյունքն է ունենալու». ասել է Շիֆը:

Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ:

«Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Օբաման։

 

Նույն շարքից