Հայաստան Հիշում եմ և պահանջում 

Որոշ երկրներ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն խուսափում են Ցեղասպանության լիարժեք ճանաչումից. Ուիլյամ Շաբաս

analitik.am

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ, Միդլսեքսի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը նշել է, որ որոշ երկրներ շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ երկրներ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն խուսափում են Ցեղասպանության լիարժեք ճանաչումից՝ ելնելով ցինիկ քաղաքական նկատառումներից:

«Ցավալի է, օրինակ, որ Մեծ Բրիտանիան, որը հայերի կոտորածների տարիներին դատապարտել է այդ վայրագությունները, այսօր նույն ազնիվ դիրքորոշումը չունի Հայոց ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ չէ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որը վերջերս Փերինչեքի գործով երկիմաստ վճիռ կայացրեց՝ այդպիսով արտահայտելով իր երկիմաստ ու ոչ լիարժեք դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ»,- նշել է Շաբասը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը ժամանակին անպատիժ է մնացել, ինչը հետագայում ունեցել է իր բացասական հետևանքները: «Այդ հետևանքները ցեղասպանության շարունակություններն էին: Փախստականների խնդիրը ևս Հայոց ցեղասպանության հետևանք էր: Այդ տարիներին առաջին անգամ ստեղծվեց փախստականների գծով հանձնաժողով, որի նախագահ Ֆրիտյոֆ Նանսենը նկարագրում էր հայերի նկատմամբ վայրագությունները: Այս հարցերը, սակայն, կրկին օրակարգ վերադարձան միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ կրկին ցեղասպանություն էր տեղի ունեցել, և փախստականների խնդիր կար»,- ընդգծեց Շաբասը՝ եզրակացնելով, որ ի վերջո ճշմարտությունն ու արդարությունը հաղթանակ են տանելու:

Նույն շարքից