Հայաստան Հիշում եմ և պահանջում 

The Guardian, The Telegraph, The Independent, The Huffington Post. միջազգային մամուլի անդրադարձը Ավրորա մրցանակաբաշխությանը

analitik.am

 

«Փախստականները ձեր և ինձ նման մարդիկ են»,- The Guardian մեջբերել է դերասան, #AuroraPrize-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի խոսքերը, երբ նա կոչ է արել մարդկությանն ավելին անել պատերազմից և հետապնդումներից փախչող մարդկանց օգնելու համար։

Թերթը գրում է, որ օսկարակիր դերասանն իր խոսքում անդրադարձել է իր նախնիների դժվարին ճանապարհին, երբ 19-րդ դարում նրանք փախել են Իռլանդիայում տիրող սովից։ Այնուհետ նա կոչ է արել մարդկանց հավատալ, որ նրանք կարող են փոփոխություն իրականացնել:

«Պարզ ճշմարտությունն այն է, որ այս գիշեր այստեղ հավաքվածներիցս յուրաքանչյուրն ինչ-որ մեկի բարի արարքի շնորհիվ է այստեղ։ Մենք բոլորս պարտավոր ենք լավ մարդկանց, ովքեր անտարբեր չեն եղել, երբ մենք կարիքի մեջ էինք»,-ասել է Քլունին Երևանում։

The Guardian-ը նշում է, որ Քլունին Երևանում էր իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար վտանգած մարդկանց նվիրված «Ավրորա» մրցանակը հանձնելու համար, և հավելում, որ նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը և կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 

The Telegraph, նույնպես ներկայացնելով մրցանակաբաշխությունը, նշել է, որ դերասանը, ով քարոզարշավ է անցկացրել ողջ աշխարհում բռնություններին վերջ դնելու համար, իր խոսքում անդրադարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամին։

 

The Independentգրում է, որ Քլունին ոգեկոչել է 1915 թվականին սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ հանձնելով 1 միլիոն դոլարի մրցանակ Բուրունդիից կնոջը, ով  քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստան է տրամադրել հազարավոր որբերի։ Լրատվամիջոցն անուհետև նշում է, որ «1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին կոտորածն է համարվում»։ The Independent-ը նշում է, որ մրցանակը հանձնելուց առաջ Քլունին հիշեցրել է հանդիսատեսին Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է հիշում հայերին»։ «Ողջ աշխարհը»,- ասել է նա։

 

The Huffington Post հայտնելով Քլունիի կողմից հանձնված մրցանակի մասին՝ գրում է, որ կիրակի երեկոյան միջոցառումը վերջին երկու օրերին մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ սիրիացի փախստականների ճգնաժամի վերաբերյալ անցկացված միջոցառումների շարքի եզրափակիչ միջոցառումն էր։ Լրատվամիջոցը մեջբերում է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի խոսքերը, ով ասել է, որ Մեծ Բրիտանիայի խոստումը՝ հաջորդ հինգ տարիներին 20 հազար փախստական ընդունելու մասին, «ծիծաղելի» է։ Լրատվամիջոցն այնուհետև մեջբերում է 100 LIVES նախաձեռնության մեկ այլ հիմնադիր Նուբար Աֆեյանի խոսքերը. «Հայաստանն արդեն ընդունել է Սիրիայից 20.000 փախստական, այնպես որ խելամիտ կլինի կարծել, որ Մեծ Բրիտանիան կարող է դրանից ավելին անել»։

Նույն շարքից