Անալիտիկ կենտրոն Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Քանի՞ գլխանի է տիկին Նաղդալյանը տարածքները հանձնելու մասին խոսելու համար.Շաքարյանց

analitik.am

«Տարիներ առաջ, երբ շրջանառության մեջ մտցվեց մադրիդյան սկզբունքները, հայաստանյան իշխանությունները համաձայնվեցին, այսպես կոչված, անվտանգության գոտի հանդիսացող շրջանները հանձնել Ադրբեջանին»,-այսօր՝ ապրիլի 27-ին,  «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է վերաբերվել ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությանը, թե այն բանից հետո, երբ աշխարհը ճանաչի Արցախը, հայկական կողմը պատրաստ կլինի Արբեջանին հանձնել 5 շրջաններ և հավելելով, որ մադրիդյան սկզբունքների տակ ստորագրելուց հետո հայկական կողմում, իհարկե, ներքին դժգոհություններ եղել են:

«Դրանից հետո՝ 2011 թվականին ի հայտ եկավ կազանյան փաստաթուղթը, որտեղ փոփոխություններ կան մադրիդյան սկբունքների հետ համեմատած, սակայն տարածքների հանձնման մասին այստեղ էլ է խոսվում, քանի որ այս փաստաթուղթը ստեղծվել է հենց մադրիդյան սկբունքների հիման վրա: Ահա թե ինչու ես չեմ զարմանում, որ Հերմինե Նաղդալյանը կամ Հանրապետական կուսակցությունից ինչ-որ մեկը խոսում է հողերը հանձնելու մասին»,-ասաց քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն հանձնել կամ չհանձնել այդ հողերը, քանի որ բանակցությունները պետք է տարվեն այն կողմի հետ, որը վերահսկում է այդ տարածքները. «Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և զինվորականությանը: Այսինքն՝ Հայաստանը պետք է հրաժարվեր բանակցությունները վարելուց՝ ստիպելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և Ադրբեջանին հարցը քննարկել միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, սակայն մինչև հիմա դա չի արել»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ այդ 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելն ավել շուտ զիջում է, քան՝ փոխզիջում, Շաքարյանցն ասաց, որ ինչ-որ խոսակցություններ կան  Շահումյանի շրջանի մասին, սակայն ոչինչ հստակեցված չէ, ժամանակին միայն ասվում էր, որ այդ հարցն ընթացքում կորոշվի. «Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ տարածքներ հանձնելը պետք է լինի գոնե հանրաքվեի միջոցով, քանի որ այդ կերպ հակառակորդի զորքերն ակամայից մոտենում են  զիջող կողմի քաղաքներին, կարևորագույն հանգույցներին և այլն, այսինքն մարդիկ պետք է իմանան, թե ինչ վտանգ է իրենց սպառնում: Իսկ այդ վտանգից որևէ մեկը չի կարող մեզ ապահովագրել»:

Քաղաքագետը նաև խոսեց Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին՝ բացառելով, որ կողմերից մեկը կարող է դիմել ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին՝ խնդրելով նման ուժեր բերել տարածաշրջան. «Նախ ասեմ, որ Մինսկի խմբի մանդատով համանախագահող երկրներն իրավունք չունեն միակողմանիորեն որոշում կայացնել խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, իսկ ես գրեթե բացառում եմ, որ կողմերից մեկը նման խնդրանքով կդիմի Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին: Բացի դրանից, ցանկանում եմ հիշեցնել, որ 2001 թվականին Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավորություն են ստանձնել փոփոխություների մասին տեղյակ պահել Իրանին և այդ հնարավոր փոփոխությունները համաձայնեցնել նույն Իրանի հետ: Իսկ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է՝ տարածաշրջանում չպետք է հայտնվեն այլ զորքեր: Այսինքն` բացառվում է, որ այստեղ հայտնվեն ռուսական, առավել ևս ամերիկյան ուժեր»:

Պատասխանալով լրագրողներից մեկի այն հարցին, թե իրավունք ունի՞ արդյոք Հերմինե Նաղդալյանը տարածքների հանձնման մասին խոսել՝ Շաքարյանցն ասաց՝ ոչ. «Քանի՞ գլխանի է տիկին Նաղդալյանը տարածքները հանձնելու մասին խոսելու համար, եթե տեղյակ չէ բանակցային գործընթացից: Նա պետք է հասկանա, որ դա ոչ թե իր, այլ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հարցն է: Բացի դրանից, Նաղդալյանը պետք է հասկանա, որ հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել Իրանի հետ, հակառակ դեպքում Թեհրանը զորք կմտցնի, այսպես կոչված, վիճելի տարածքներ և կստիպի իր հետ բանակցել: Իրանի գործոնը մոռանալ պետք չէ»,-ասաց քաղաքագետը՝ զարմանք հայտնելով, որ հայկական կողմից ներկայացուցիչներ են գնում Գերմանիա կամ Ռուսաստան, բայց ոչ Իրան:

Այն դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել  իրանական կողմի հետ, փորձագետն ասաց, որ վերջինս այն մակարդակը չէ, որը պետք է:

Նույն շարքից