Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Հերմինե Նաղդալյանը պատահական է դարձել ԱԺ փոխխոսնակ. Կարեն Քոչարյան

analitik.am

Կան դիվանագիտորեն անլուծելի խնդիրներ և ղարաբաղյան հակամարտությունը հենց  դրանցից է: Այսօր՝ ապրիլի 28-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ հենց գերտերություններն են ներդրում ունեցել դրանում, քանի որ առաջ են քաշել իրար հակասող սկզբունքներ՝ ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն. «Գերտերությունները շատ լավ գիտեն, որ խնդիրը դիվանագիտորեն անլուծելի է, սակայն ստեղծել են ԵԱՀԿ Մինսկի խումբ և այլն»:

Անդրադառնալով այն նամակին, որն Ադրբեջանը հղել է ՄԱԿ-ին՝ հայտարարելով, թե միակողմանի դադարեցնում է կրակը՝ փորձագետն ասաց, որ Բաքուն դեռ պատերազմը սկսելուց մի քանի օր հետո հայտարարեց այդ մասին, քանի որ ինչ-որ բան էր գրավել, որոնք, բնականաբար, հայկական կողմը ետ էր բերելու և հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանը կհայտարարեր այն մասին, որ իբր հայերը խախտում են զինադադարը. «Ընդ որում, սցենարը նման էր 90-ականների պատերազմին: Այն ժամանակ էլ թշնամին ինչ-որ բան վերցրեց, հետո կորցրեց: Նույնը կրկնվում է հիմա, քանի որ մերոնք վերադարձրել են մեր տարածքները ու, կարծես թե, մի բան էլ ավել: Սա հոգեպես կոտրել է ադրբեջանցիներին, որոնք նման քանակությամբ զենք ունենալով, չեն կարողանում խնդիրներ լուծել:

 Փորձը ցույց  է տալիս, որ Նժդեհի խոսքերն այժմեական են. Ուժն է ծնում իրավունք...Այսինքն՝ Հայաստանի հետ հաշվի կնստեն միայն այն դեպքում, եթե մեր երկիրն ուժեղ լինի: Աշխարհը վաղուց ցինիկ է և պրագմատիկ, քո հարցերը լուծվում են միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես»:

Լրագրողներից մեկի հարցին պատասխանելով, բանախոսը նաև անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը՝ նշելով, որ չի ցանկանում որևէ գնահատական տալ, քանի որ դա պետք է անեն այլոք.  «Ամեն դեպքում ասեմ հետևյալը՝ կարծում եմ, որ Հերմինե Նաղդալյանն անգամ չգիտի, որ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ այդ հողերը ԼՂՀ-ինն են: Ինքն անգամ չի կարդացել դա: Անհասկանալի է, թե ինչ «բազար» է անում Նաղդալյանը»:

Այն դիտարկմանը, որ միայն Հերմինե Նաղդալյանը չէ, որ նման հայտարարություններ է անում, Քոչարյանն ասաց, որ ինքն, օրինակ, չի արդարացնում Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը՝ Աղդամի մասին, բայց, միևնույն ժամանակ, հասկանալի է, թե ինչու է դա ասվել. «Այդ ժամանակ մադրիդյան սկզբունքներն էին շրջանառության մեջ: Հայկական կողմն ընդունել էր դրանք և հնարավոր է այդ կերպ Սարգսյանը, լինելով բանակցային կողմ, մեսիջ է ուղարկել միջազգային հանրությանը՝ հայտնելով, որ ինչ-որ առումով պատրաստ է: Նորից եմ ասում, որ ես դա չեմ արդարացնում, բայց դա զուտ դիվանագիտական մեսիջ է, որը եղել է բանակցող կողմից: Այսինքն` մի բան է, երբ դա ասում է բանակցող կողմը, այլ բան է, երբ դա ասում է ԱԺ փոխխոսնակը: Ընդ որում, մենք տեսնում ենք, թե ինչքան պատահական մարդիկ են նստած խորհրդարանում, նրանց թվում է նաև Հերմինե Նաղդալյանը, ով պատահական է դարձել փոխխոսնակ և բնական է, որ պատահական հայտարարություններ է անում»:

Նույն շարքից