Վրաստանի իշխանություններն այս տարի որոշակի ըմբռնում ու հանդուրժողականություն ցուցաբերեցին. Տաճատ Վարդապետյան

Վրաստանի իշխանություններն այս տարի որոշակի ըմբռնում ու հանդուրժողականություն ցուցաբերեցին. Տաճատ Վարդապետյան

Այսօր՝ ապրիլի 29-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով նաև «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միավորման նախագահն է, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններն ազդել վիրահայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության վրա, նախ իր երախտիքի խոսքն ասաց ջավախահայերին, որոնք արեցին և անում են ամեն ինչ Արցախի կողքին լինելու համար. «Մամուլն արդեն անդրադարձել է Վրաստանի հայերի կողմից Արցախին փոխանցված օգնության թեմային, այնպես որ, այդ մասով նորություն չկա ասելու: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի իշխանությունների քաղաքականությանը, ապա ասեմ, որ այս տարի որոշակի ըմբռնում ու հանդուրժողականություն կար Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների նկատմամբ: Ճիշտ է՝ Ախալցխայում փոքրիկ միջադեպ եղավ, մարդիկ ձերբակալվեցին, սակայն հարցը շատ արագ լուծվեց: Բացի դրանից, պետք է ասեմ, որ նշված արարողությանը մասնակցեց նաև  Ախալցխայի քաղաքապետը և այնտեղի ներկայացուցչական մարմնի մեկ պատգամավոր: Իսկ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանն այս տարի ևս արդեն երրորդ անգամ հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով վրացական իշխանություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Դուք գիտեք նաև, որ բոլորովին վերջերս Վրաստանից վերադարձավ ՀՅԴ պատվիրակությունը, որն այնտեղ  հանդիպել էր խորհրդարանի բոլոր խմբակցություններին,  ղեկավարության հետ և պետք է ասեմ, որ նրանք բավական բարձր գանահատականով են վերադարձել»:

Պատգամավորի խոսքերով, այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հայ-վրացական հարաբերություններն ավելի ջերմացնելու համար և սա այն դաշտն է, որտեղ պետք է մշտապես ակտիվություն ցուցաբերել. «Շատ հաճախ փոխադարձ այցելություններ են լինում, որոնց մի մասը ոչ պաշտոնական են: Դրանք իհարկե ուղղված են երկկողմ հարաբերություններն էլ ավելի բարելավելուն և պետք է շարունակական բնույթ կրեն»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է պարոն Վարդապետյանը վերաբերվում Վրաստանում ՀՀ դեսպանի աշխատանքին, վերջինս ասաց, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Յուրի Վարդանյանն անգործության է մատնված. «Այն, որ բացթողումներ և լեզվական սխալներ լինում են, դեռ չի նշանակում, որ նա գործ չի անում: Նա հայ ազգի լեգենդար մարզիկ է, ով լուրջ   հեղինակություն ունի»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ  այսօր աշխարհում ընդունված է դեսպան նշանակել մարդկանց, ովքեր գուցեև չունեն դիվանագիտական գիտելիքներ, սակայն հայտնի են որևէ ոլորտում:

Այն դիտարկմանը, որ գոնե Վրաստանի հետ հարաբերություններում կարելի էր զերծ մնալ լեգենդարությունից և իրական դիվանագիտական աշխատանք իրականացնել, Վարդապետյանն ասաց, որ այս դեպքում դրանք զուգակցվում են:

Պատգամավորն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ռուսական իշխանություններն արգելում են այնտեղի հայերին օգնություն հասցնել Արցախ՝ նշելով, որ փաստեր չունի և հավելելով, որ իր ընկերներն օրեր առաջ 4 միլիոն ռուբլի են փոխանցել. «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ես միայն մի օրինակ բերեմ. Օրեր առաջ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանն Արցախին փոխանցեց Ախալքալաքում հավաքված 40 հազար դոլարը: Սա միակ օրինակը չէ»: