Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Երեք մայրաքաղաքներում (Մոսկվա, Անկարա, Բաքու) մշակված պլանը տապալեցինք. Լևոն Շիրինյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 30-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու ադրբեջանական կողմը որոշեց հենց այս պահին նման հարձակման անցնել, ասաց, որ հիմա բոլորը հարց են տալիս, թե ինչու հիմա, բայց դրա կողքին մեկ այլ հարց էլ կա՝ իսկ երբ պետք է լիներ. «Պետք է փաստել, որ  իրավիճակում կտրուկ փոփոխությունները սկսվել են 2014 թվականի օգոստոսից: Նշված ժամանակահատվածից սկսած հրադադարի ռեժիմը ավելի ինտենսիվորեն է խախտվում, օգտագործվել են նոր զինատեսակներ, ինչին էլ հաջորդեց ուղղաթիռի ոչնչացումը»:

Խոսելով կոնկրետ մարտական գործողությունների մասին՝ քաղաքագետն ասաց, որ կուրուստն անկասկած ցավալի է, վատ է, որ հայկական կողմը 100 զինծառայող կորցրեց, բայց մեր հաղթանակը բացառիկ է. «Մենք հիմա կարող ենք ասել, որ երեք մայրաքաղաքներում (Մոսկվա, Անկարա, Բաքու) մշակված պլանը տապալվեց, և դա տեղի ունեցավ հենց Արցախի պաշտպանական բանակի՝զինվորների և հրամայական կազմի շնորհիվ: Երբ 2015 թվականին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռը խոցվեց, ռուսական կողմը վայնասուն բարձրացրեց, ոմանք նույնիսկ սկսեցին հայտարարել, թե Ստամբուլը հայտնվելու է ծովի հատակում և այլն, սակայն թուրքերը չնահանջեցին: Դրան հաջորդեց այն, որ ռուսները, մոռանալով թուրքական թուքումուրը, որոշեցին հաշտվել, իսկ հաշտության հարթակը լինելու էր Բաքվում կայանալիք ֆորումը: Բայց դրա համար պետք էր Բաքվին ինչ-որ բանով կերակրել,  կերակուրը լինելու էր հայկական հողն ու հայկական արյունը»:

Շիրինյանի խոսքերով՝ ռուս-հայկական հարաբերություններում ռուսական կողմը միշտ էլ այդպես է վարվել՝ հայկական հողերն ու հայ ժողովրդին օգտագործել է երբեմն պատերազմի, երբեմն՝ խաղաղության համար. «Սակայն դա այս անգամ իրականություն չդարձավ: Արցախի բանակը կարողացավ ընդամենը 4 օրվա մեջ ջախջախել ադրբեջանական բանակի հարձակողական պոտենցիալը, և տարածաշրջանային դավադրությունը տապալվեց: Պետք է արժանին մատուցել Արցախի քաղաքական և զինվորական ղեկավարությանը: Նրանք մինչև վերջ դիմացան և ուժերը չկենտրոնացրին ծայրամասերում, քանի որ թշնամու նպատակը Արցախ կենտրոնով հարձակվելն էր՝ Աղդամով Ստեփանակերտ դուրս գալը: Եվ պատահական չէ, որ այդ օրերին որոշում կայացվեց փորձված գեներալ Վիտալի Բալասանյանին ուղարկել Աղդամի ուղղությամբ: Եթե հայկական կողմը սխալվեր, հարցը կլուծվեր արդեն Հայաստանի տարածքում և, ամենայն հավանականությամբ, ռուսաստանցի ինչ-որ չինովնիկ հիմա այստեղ նստած կլիներ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու էր ադրբեջանական գրոհն անսպասելի հայկական կողմի համար, ապա այդ հարցը, քաղաքագետի խոսքերով,  բաց է մնում. «Ես ողջունում եմ այն քայլերը, որոնք նախագահ Սերժ Սարգսյանն անում է: Նա նաև պետք է պարզի, թե ովքեր են մեղավոր, որ հարձակումն անսպասելի է եղել, և այդ մարդիկ պետք է պատժվեն»:

Նույն շարքից