Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Մեզ նոր էլիտա է պետք, հնին  պետք է աղբամանը գցել. Լևոն Շիրինյան

analitik.am

«Լավրովի այցից հետո իրավիճակը վերադարձավ 1994 թվականի մակարդակին՝ էլի նույն ստատուս-քվոն է, էլի մենք օրական 1-2 զոհ ենք ունենալու, նորից բանակցություններ են լինելու, ադրբեջանական կողմը հաշտություն չի ուզելու, այսինքն ցիկլը կրկնվելու է»,- այսօր՝ ապրիլի 30-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ իրավիճակը ստեղծվեց ապրիլյան պատերազմից հետո:

 Շիրինյանի խոսքերով, պետք է հասկանալ, որ չեն փոխվել ոչ ադրբեջանիցները, ոչ ռուսները, ոչ էլ իրավիճակը, հետևաբար այլ արդյունք ունենալու համար պետք է փոխվենք ինքներս. «Ես առաջարկում եմ հակամարտությունը կարգավորելու իմ տարբերակը՝ ստեղծել Քուր-Արաքսյան Հանրապետություն: Այսինքն հայկական բանակը պետք է շարժվի առաջ՝ հասնելով Քուրի և Արաքսի հատման կետին»:

Քաղաքագետը վստահ է, որ  հայկական բանակը կարող է լուծել այդ խնդիրը, ինչից հետո նշված տարածքում բնակվող տեղաբնիկները՝ թալիշները, գուցե ապստամբություն բարձրացնեն. «Մենք պետք է աշխատենք Ադրբեջանը փլուզելու ուղղությամբ, այլ տարբերակ չկա, քանի որ Ադրբեջանը շարունակելու է Թուրքիայի աջակցությամբ և նավթադոլարների օգնությամբ հյուծիչ պատերազմ վարել մեր դեմ: Ընդ որում, դրան օգնում են նաև ռուսները, որոնք մտել են Կովկաս և մագաղաթի փոխարեն ընտրել ոչխարի կաշին՝ գործելով մեր դեմ: Ես  հասկանում եմ, որ իմ առաջարկած տարբերակին շատերը դեմ կլինեն, և առաջին հերթին, դա վերաբերում է մեր մտավորականությանը, ինչպես նաև հասարակության հուսահատ մասին, սակայն սա միակ տարբերակն է, եթե ցանկանում ենք այս իրավիճակից դուրս գալ»,-ասաց բանախոսը՝ բացառելով, որ հարցը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ միջնորդները շահագրգռված են հակամարտության շարունակության հարցում, իսկ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե այս սցենարի դեպքում, չկա արդյոք վտանգ, որ աշխարհը Հայաստանին կճանաչի ագրեսոր՝ իր բոլոր հետևանքներով, քաղաքագետն ասաց, որ պետք է նախ ունենալ լեգիտիմ իշխանություն, որին հասարակությունը կվստահի. «Այսօր մեր բանակն ունակ է խնդիրներ լուծել, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին: Այս պարագայում պետք է հրաժարականներ լինեն, պետք է գան մարդիկ, ովքեր կկարողանան քայլել բանակին զուգահեռ և պաշտպանել մեր շահերը ոչ ռազմադաշտում: Մեզ նոր էլիտա է պետք: Հնից պետք է ոմանց պահել, սակայն նրանք չպետք է գերազանցեն 10 տոկոսը, ամբողջը պետք է աղբաման գցել: Ռուսամոլներին, մյուսներին պետք է հեռացնել, պետք է նոր կրթված սերունդ գա: Դա բարդ է, բայց նախագահը պետք է անի դա ու կմնա պատմության մեջ»:

«Հայաստանում պետք է հիմնադրվի 4-րդ Հանրապետությունը, այնպես ինչպես տեղի ունեցավ Ֆրանսիայում, որտեղ հայտարարվեց 5-րդ Հանրապետության ստեղծման  մասին, որը շարժվեց արդյունաբերական, տնտեսական, մշակութային զարգացման ճանապարհով»,-ավարտեց իր խոսքը բանախոսը:

Խոսելով վերջին իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի վարքի մասին՝ Շիրինյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Հայաստանը, մի քանի տարի առաջ ակտիվորեն աշխատելով Արևմուտքի հետ,  «քցեց» Ռուսաստանին, ինչի համար էլ ռուսները երես թեքեցին մեզանից. «Նման բան չկա, հայերը երբեք ռուսներին չեն «քցել», ինչը չի կարելի ասել թուրքերի մասին, որոնք 1918 թվականին տասնյակ հազարներով ռուս զինվորներ կոտորեցին, իսկ 90-ականներին վայրագություններ թույլ տվեցին ոչ միայն հայերի, այլ նաև հենց ռուսների նկատմամբ»:

Նույն շարքից