Պատմականորեն և մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է. Կարեն Միրզոյանը՝ Wiener...

Պատմականորեն և մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է. Կարեն Միրզոյանը՝ Wiener Zeitung-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը Wiener Zeitung-ին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիային, խոսել դրանում Թուրքիայի և Ռուսաստանի ունեցած դերի մասին, ինչպես նաև ներկայացրել հակամարտության լուծման և Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցի շուրջ իր տեսլականը:

NEWS.am-ը թարգմանաբար ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ:

Ինչո՞ւ Ադրբեջանի հետ հակամարտությունը հենց այս պահին նորից բռնկվեց:

Դա իհարկե ինչ-որ տեղ սպասելի էր: Անցյալ տասը տարիների ընթացքում ադրբեջանցիների շրջանում հայերի նկատմամբ ատելությունը մեծապես արմատավորել է: Կառավարության պաշտոնական հայտարարություններից պարզ երևում էր, որ նրանք հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում, այն է՝ ռազմական: Այս պետությունը, չնայած միջազգային ջանքերին, համագործակցության ուղիներ չի փնտրում:

Ասում են, թե Թուրքիան Ադրբեջանի կողմից մասնակցում է այս կոնֆլիկտին: Դուք Անկարայի ռազմական միջամտության ապացույցներ ունե՞ք:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը հաստատված է պաշտոնական փաստաթղթերով: Ադրբեջանի սպառազինությունների մի մասը մատակարարում է հենց Թուրքիան: Ադրբեջանի հատուկջոկատայինները ռազմական պատրաստություն են անցնում Թուրքիայում և հետո այդ հմտությունները գործի դնում առաջնագծում:

Հնարավո՞ր է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներկայիս լարվածությունը հանգեցնի Լեռնային Ղարաբաղում առճակատման:

Կարծիքը, թե այս հակամարտությունը միջնորդավորված  պատերազմ է աշխարհի հզորների միջեւ, շեղում է ուշադրությունը դրա հիմնական պատասխանատուից: Բռնությունը գալիս է Ալիևից և նրա ռեժիմից:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության լուծումը:

Սա տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Ժողովրդի կամքը պետք է լսելի լինի, հակառակ դեպքում մենք հետ ենք մղում լուծումը: Ադրբեջանը սխալ է ներկայացնում աշխարհին այս խնդիրը, ասելով թե դա Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտություն է:

Որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղը անկախանալուց հետո միանա Հայաստանին:

Պատերազմը սկսվել էր Հայաստանին միանալու պահանջով: Դա տրամաբանական է: Պատմականորեն և մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, մենք էթնիկ հայեր ենք, ունենք նույն մենթալիտետը, բացառությամբ թերևս նրանից, որ մենք՝ որպես լեռնցիներ, շատ ավելի համառ ենք: Մենք անկախ ենք, բայց չնայած ամեն բանի՝ մեզ Հայաստանի մասն ենք համարում:

Այսպիսով՝ միավորումը ձեր նպատա՞կն է:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ապագան: Մենք երկու անգամ՝ 1991-ին և 2006-ին, հանրաքվեով կողմ ենք արտահայտվել անկախությանը: Եթե ժողովուրդը հաջորդ անգամ այլ բան որոշի, մենք հավատարիմ կմնանք նաև այդ որոշմանը: Մեր երկրում ժողովրդավարություն է: Ժողովուրդն է որոշում Լեռնային Ղարաբաղի ապագան:

Իսկ ինչպե՞ս են Ղարաբաղում արտասահմանյան ներդրումների հարցը լուծում: Ի՞նչ անել, եթե Ավստրիան, օրինակ, ուզում է ներդրում կատարել Ձեր երկրում:

Օտարերկրյա ներդրումները մեր երկրում տարեկան մեկ շնչին 250 ԱՄՆ դոլար են կազմում: Մենք միայն բարի գալուստ ենք ձեզ ասում: Բայց մի՛ մոռացեք, որ այդ դեպքում Ադրբեջանը ձեր երկիրն իր թշնամին է համարելու:

Եվրապատգամավոր Ֆրանկ էնգելն ուզում է համոզել Եվրախորհրդարանին աջակցել Լեռնային Ղարաբաղին: Նա ուզում է իր օգնությունը հիմնավորել նրանով, որ մարդիկ վտանգի մեջ են: Հայ ժողովրդի նկատմամբ մինչև հիմա հնարավոր է, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի, ասում է Էնգելը: Դա հնարավո՞ր է:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն բավականաչափ իրավական փաստաթղթեր ունի: Եվրոպան պետք է ավելի ակտիվ լինի: Մենք Եվրոպայի պաշտոնական սահմանների ներսում չենք, սակայն դրա մի մասն ենք: Լեռնային Ղարաբաղում Եվրոպան չի ավարտվում, այն սկսվում է այստեղ: Մենք ծխում ենք, շատ ենք խմում, խոլեստերինով հարուստ սնունդ ենք ուտում: Տեսեք, թե ժողովրդավարությունն ինչ դեր է խաղում մեզ մոտ: Այն օրը, երբ մենք տոտալիտար պետություն դառնանք, Լեռնային Ղարաբաղն այդ օրը կմահանա: Ադրբեջանի դեմ մեր պայքարը նման է Դավթի եւ Գողիաթի պայքարին: Մենք միայն մեկ զենք ունենք. մենք ավելի ազատ ենք եւ ժողովրդավար: Մենք առաջ ենք շարժվում այն ժամանակ, երբ Ադրբեջանը հակառակ ուղղությամբ է գնում: