Հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ «Վերնիսաժում» իրականացվող առևտրի կանոնակարգման վերաբերյալ

Հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ «Վերնիսաժում» իրականացվող առևտրի կանոնակարգման վերաբերյալ

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է 12 վարչական շրջանների, քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների հետ քննարկել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

«Տարածքի բարեկարգման և արդիականացման աշխատանքներին զուգահեռ պետք է հստակ կանոնակարգենք նաև այդ տարածքում առևտրի կազմակերպման հարցը: Բոլոր ուղղություններով պետք է կայացնենք հստակ որոշումներ, որպեսզի հետագայում վարձակալին ներկայացնենք մեր մոտեցումներն ու պահանջենք դրանց կատարումը»,– ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալին զուգահեռ իրականացնել նաև նստարանների ու աղբամանների թարմացման աշխատանքներ:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև Առաջին Հանրապետության տոներին նվիրված միջոցառումներին: