Միջազգային Քաղաքականություն 

Իսպանիայի թագավորը հրամանագիր է ստորագրել հունիսի 26-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

analitik.am

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատի լուծարման և երկրում հունիսի 26-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, հայտնում է 24 Horas հեռուստաալիքը:

Պետության ղեկավարը երեքշաբթի առավոտյան հանդիպել է պատգամավորների կոնգրեսի (ստորին պալատի) նախագահ Պաչի Լոպեսին, որին հայտնել է հրամանագրի ստորագրման մասին: Տեքստը կհրապարակվի Պետական տեղեկագրի կայքում  (BOE) մայիսի 3-ին, ինչից հետո փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ կմտնի, հայտնում է ՌԻԱ Նովոստին

Դեկտեմբերյան ընտրություններին հետևած չորս ամսվա ընթացքում պատգամավորների կոնգրեսին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ վարչապետի պաշտոնի թեկնածուի շուրջ: Ապրիլի 26-ին  Ֆելիպե VI թագավորը հայտնել է, որ նոր թեկնածություն չի առաջադրի, որովհետև խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներից ոչ մեկը կոնգրեսում անհրաժեշտ աջակցություն չի ստանա: Դա նշանակում էր՝ մայիսի  3-ին խորհրդարանի երկու պալատի լուծարում և կրկնական ընտրությունների անցկացում հունիսի 26-ին: Նման իրավիճակ առաջին անգամ է տեղի ունենում ժողովրդավարական Իսպանիայի պատմության մեջ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Իսպանիայում ընտրությունները վերջ դրեցին երկկուսակցական համակարգին, որը գոյություն էր ունեցել ավելի քան երեք տասնամյակ, որոնց ընթացքում հերթով կառավարություն էր ձևավորում աջակողմյան Ժողովրդական կուսակցությունը և ձախակողմյան Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (ԻՍԱԿ): Վերջին ընտրություններին քաղաքական համակարգում ընդգրկվեց ևս երկու ուժ` ձախակողմյան  Podemos-ը և աջակողմյան  «Քաղաքացիներ» կուսակցությունը, որոնք համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին:

Արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ կառավարություն ձեւավորել, իսկ կոալիցիայի վերաբերյալ բանակցությունները ձախողվեցին: Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսին հաջողվեց պայմանավորվել միայն «Քաղաքացիների» հետ, ինչը նրան բավարար քանակությամբ մանդատ չտվեց պատգամավորների կոնգրեսում թեկնածությունն անցկացնելու համար: Նա Իսպանիայի պատմության մեջ վարչապետի պաշտոնի առաջին թեկնածուն դարձավ, որի թեկնածությունն արգելափակեց խորհրդարանը:

Կանխատեսումների համաձայն, հաջորդ ընտրություններին դարձյալ հաղթանակ կտոնի աջակողմյան Ժողովրդական կուսակցությունը. հարցումները նրան 27,6 տոկոս են խոստանում (դեկտեմբերյան ընտրություններին նրանք 28,7 տոկոս էին ստացել): Սոցիալիստները, եթե հավատանք հարցումներին, կստանան  22,2 տոկոս (22 տոկոս դեկտեմբերին), Podemos-ը` 19,2 տոկոս (20,7 տոկոս դեկտեմբերին), «Քաղաքացիները»`  16,2 տոկոս (13,9 տոկոս դեկտեմբերին):

Նույն շարքից