Իրավական Հասարակություն 

«Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում

analitik.am

«Երրորդմասցի Լյովիկի» և երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն ու Սարգիս Հախանումյանն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն համարում:

Այսօր` մայիսի 3-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ամբաստանյալները հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել` նշելով միայն, որ մեղավոր չեն:

«Մենք կապ չունենք սրա հետ»,- ասաց ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը:

Այսօրվա դատական նիստին վկաներից ոչ ոք չէր ներկայացել: Հինգ- վեց վկաներից միայն մեկը հեռախոսով հայտնել էր, թե ընկել է, վնասել աչքը, այժմ գտնվում է հիվանդանոցում:

Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով մայիսի տասին: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել վկաներից: Նշենք, որ գործով վկաները 57-ն են:

Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն շարքից