Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սխալ է կարծելը, թե մեր հետախույզները թերացել են. ՊՆ խոսնակ

analitik.am

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չի ապրիլի սկզբի իրավիճակին, Ադրբեջանի զինուժի բավականին ավելի մեծ զորքերի շարժի մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քանակի զորքեր են մոտեցվել ԼՂՀ սահմանին և սա որքանով է նման պատերազմական վիճակին:

«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում, լսում է: Եթե դա չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի: Քանակի մասին չեմ կարող ասել օբյեկտիվ պատճառներով»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները մշտական են, անցած օրերի ընթացքում հակառակորդը դա շարունակում է, շեշտակի փոփոխություններ չկան:

«Երեկ իրենք էլ Ադրբեջանի ՊՆ-ն չժխտող սուր հայտարարություն արեց, որ իրենց զորքերը կուտակումներ են իրականացնում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ ունե՞ք տեղեկատվություն հարձակման վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարևորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենը ֆիքսում է, ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են»:

Ըստ ՊՆ խոսնակի՝ ակտիվ մարտական գործողությունների փուլից հետո ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնը նվազեցվել է:

Անդրադառնալով նաև անընդհատ լրագրողների մեղադրական մեկնաբանություններին ու քննադատություններին, թե հետախուզություն ընդհանրապես չի եղել, թե բացեր ու թերացումներ շատ կան՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Պատերազմների պատմության մեջ ոչ մեկ չի կարող բացառել, որ դիմացինիդ գործողությունները քեզ համար ինչ-որ առումով անակնկալության տարրեր չեն ունենա՝ նորությունների, խուսանավումների հաշվին: Դա գիտություն է: Դիմացինի բոլոր գործողությունները, տեղը, ժամը, բնույթն իմանալու համար հակառակորդիդ ամբողջ փաստաթղթերը պետք է ձեռքիդ տակ լինեն,- նշեց նա՝ հավելելով, որ պետք չէ անընդհատ շեշտադրել, թե հետախուզությունը թերացել է.- Քառօրյա պատերազմի օրերին տեղի են ունեցել այնպիսի քայլեր, մարտական դրվագներ, որ հետախուզության շնորհիվ է եղել և կանխարգելիչ այնպիսի հարվածներ են հասցվել, որ մարտական գործողությունները կարող էին այլ կերպ, այլ ընթացք ստանալ, այլ ծավալների ու ժամկետների մեջ, եթե չլինեին հետախուզության տվյալները»,- ասաց նա:

«Էն, ինչ որ ձեզ հնարավորություն է տալիս մեզ քննադատել, մենք ենք տալիս ձեզ: Եթե չուզենայինք՝ ինֆորմացիան կփակեինք: Բայց դա մեր մտածելակերպի, մեր բարեփոխումների,  մեր իսկ առողջացմանն ուղղված, մեր իսկ գիտակցությունից բխած ռազմավարություն է,- նկատեց ՊՆ մամլո խոսնակը՝ հավելելով.- Թողե՛ք մարդիկ պրոֆեսիոնալ զբաղվեն բանակի խնդիրներով: Մեզնից ավելի բաց, թափանցիկ ու լրագրողների պահանջները բավարարող ոչ մեկին չգիտեմ, չեմ տեսել: Աշխարհում երևի տենց բանակ չկա, որ այսքան թափանցիկ ամեն ինչ տալիս է ձեզ»:

Նույն շարքից