Ֆեյսբուք 

«Հակամարտության կարգավորումը պիտի թողնել իրար գոնե մի քիչ վստահող սերունդներին». Վահան Ասատրյան

analitik.am

Վահան Աասատրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Էսօր մի հոդված կարդացի Առավոտում, որ չեմ ուզում էստեղ դնել, բայց կարդացածս մի քանի եզրակացություն ծնեց.

1. մարդիկ կան, որ պատրաստ են հարևան ադրբեջանի հետ խաղաղ ապրել, իրենց համարում են խաղաղության աղավնի, բայց հարևան օլիգարխի դեմ պայքարը պատրաստ են մղել մինչև արյան վերջին կաթիլը… սոցիալ-դարվինիզմի մեջ, այնուամենայնիվ, ճիշտ բաներ կան ու ներտեսակային պայքարը մնում է ավելի ուժեղ, քան միջտեսակայինը, և մարդը կենդանական աշխարհի մի մասն է… սվինները դեպի ներս, տիկնայք և պարոնայք ու դեպի հաջորդ Կարսը՝ մազութիհամոներով ու բալշևիկներով… նաև որովհետև ներսի հարևանի հետ «պատերազմելը» հարմար է, անվնաս, կյանքի համար ահիմնականում անվտանգ, երբեմն էլ՝ եկամտաբեր ու միշտ՝ պատվավոր… էն հավի հետևից վազող աքլորի պես. չբռնես՝ գոնե կտաքանաս… ընդհանրապես, բնությունը գոյատևման ռազմավարության շատ ու շատ տարբերակներ ունի. մողեսը գերադասում է պոչը թողնել բռնողի ձեռքում, տարբերակ է. մնում է պոչդ ուրիշի ձեռքում թողնելուց առաջ մտածես, կաճի արդյո՞ք և, եթե չի աճելու, ապա հաջորդ անգամ ինչդ ես թողնելու…

2. հարաբերական խաղաղությունը գին ունի, ու էդ գինը ամեն ժամ վճարվում է… երկարատև խաղաղության գինն անհամեմատ ավելի բարձր է… հավերժական խաղաղություն չկա… «պատերազմ» գոռացողները պատրաստ են էդ գինը վճարել ուրիշի հաշվին, «խաղաղություն» գոռացողները չեն ուզում վճարել, բայց ցանկանում են օգտվել դրա բարիքներից… ոնց որ մեկը քեզ ռեստորան հրավիրի, պայմանով, որ համեղ բաներ պիտի ուտեք, բայց վճարելու ես դու, իսկ երկրորդը ձեզ միանա, քանի որ նույնպես ուտել է ուզում, բայց վճարելը համարում է իր սկզբունքներին դեմ, ու դու, քանի որ սոված չես մնալու և սոված չես թողնելու հետիններիդ սուսուփուս վճարում ես երեքիդ փոխարեն՝ ձեռքի հետ լսելով առաջինի գովասանքը ռեստորանի սննդի ու սպասարկման և քո առատաձեռնության վերաբերյալ ու երդումները, որ հաջորդ անգամ ինքն է վճարելու… և վերջինի զկրտոցախառը կուշտ թնկթնկոցը անարդար կյնաքի, սննդի ու սպասարկման դիմաց վճարելու անընդունելիության սկզբունքների վերաբերյալ, և բողոքները, առաջինի վարքից ու երդումները, որ ապագայում սնունդն ու սպասարկումն անվճար են լինելու… էս երկու բազեների ու աղավնիների ձեռքին քաքն ընկած ապրում են ճնճղուկները՝ ագռավների կռկռոցն ու կատուների մլավոցը վայելելով…

3. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սերունդներին չթողնելու մասին շատ են խոսում հատկապես աղավնիները… մինչդեռ հակամարտությունը չի կարգավորվում ու դեռ երկար չի կարգավորվելու, որովհետև (ա) մենք չենք վստահում ոչ միայն հարևաններին, այլև մեկս մյուսին՝ կարգավորման բանակցողներին… չենք վստահում, որովհետև 25 տարի աղավնիով, բազեով, ագռավ-կաչաղակով ոչնչացրել ենք վստահության պաշարը, իսկ փոխադարձ վստահության պակասը կոմպենսացնող «վստահության կենտրոններ»՝ ինստիտուտներ (օրինակ՝ դատարան, օրենսդիր, գործադիր) չենք ստեղծել, ավելի ճիշտ էն ինչը ստեղծել ենք ու վստահություն փնտրողի համար գրավիչ ցուցանակներ ենք խփել վրաները էնքան են սպասարկել անհատական ու խմբային մասնավոր շահին, որ դրանց էլ ավելի քիչ ենք վստահում… երեխան մատը վնասում է ֆիզկուլտի դասին, բժիշկ չենք կանչում, որ ոստիկանի հետ երեք անգամ չշփվենք… բժշկին ու իրավապահին «շառ ու փորձանք»-ի դարակում ենք գտնում ու էդպես շարունակ… հակամարտությունը կարգավորելու վստահության պաշար էս սերունդը ՉՈՒՆԻ… չգիտեմ, հաջորդ սերունդները կունենան, թե ոչ, բայց էս սերունդը չունի… իսկ առանց վստահության պաշարի արվելու են միայն հարկադիր քայլեր՝ թելադրված իրավիճակով ու դրսից… էս վստահության ճգնաժամում մեկն ասում է «փոխզիջում», երկրորդ օրը միսն աղում ենք, որովհետև ոչ մտադրությանը, ոչ կարողությանը չենք վստահում (դրանց ինչին վստահես), մյուսն ասում է «Բաքուն գրավելու ենք» ու մենք էլի վստահություն չունենք ոչ մի բանի հանդեպ… վստահում ենք զինվորին, երևի, բայց ոնց կարելի է վստահել ու հետևից լաց լինել, ախր լաց չլինել էլ հնարավոր չէ… ուրեմն չենք վստահում ոչ մեզ, ոչ որևէ մեկին… հարևաններին… ախր մենք մեր պատկից հարևանին իսկի չենք վստահում, ոնց կվստահես գլուխ կտրողին հերոսացնելը ընդունող հարևանին… (բ) դրսից մեզ չեն ստիպելու հակամարտությունը կարգավորել, մեզ ստիպելու են իրար հետ ավելի խորը թշնամանալ ու ավելի ակտիվ իրար ծեծել… հակամարտության կարգավորման ակտիվացումը դրսի խաղացողները պատկերացնում են հենց էսպես՝ ավելի ակտիվ, ավելի կոշտ, ավելի դաժան…

…միակ բանը, որ կարող ենք անել էս պայմաններում հարևաններին ու չհարևաններին հասկացնելն է, որ հակամարտության կարգավորումը պիտի թողնել իրար գոնե մի քիչ վստահող սերունդներին և էս արանքում ոչ էնքան «ուժեղանալ, որ պատերազմ չլինի», որքան վստահության պաշար կուտակել, որ խաղաղության համար վճարելը դառնա հնարավոր…»:

Նույն շարքից