Մամուլի տեսություն 

«Վարչապետն ու գյուղնախարարը խաբում են ՀՀ նախագահին» (Տեսանյութ)

analitik.am

Գործարար Արման Երեմյանն իր բիզնես-ծրագրի իրականացման պայքարի ընթացքում կառավարական մակարդակի կոռուպցիոն այնպիսի շրջափակման մեջ է հայտնվել, որ նույնիսկ նախագահականի մակարդակով այս կոռուպցիոն կծիկը չեն ուզում բացել: Բարձրաստիճան պաշտոնյաները գործարարին ու նրա գործընկերոջը այնպես են մոլորեցրել, որ Երեմյանի գործընկերը՝ Արմեն Խաչատրյանը, ճշմարտությունը բացահայտելուց 5 րոպե հետո սրտի կաթված է ստացել ու մահացել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Կրեպսոն» ընկերությունը գյուղատնտեսության նախարարությանն է ներկայացրել մի ծրագիր, որի իրականացման արդյունքում գյուղացիական հազարավոր տնտեսություններ, գյուղացիներ ոտքի կկանգնեին, աշխարհում մրցունակ գյուղմթերք կարտադրվեր, եւ որ պակաս կարեւոր չէ՝ պետական փողերն արդյունավետ կծախսվեին, ու մի բան էլ մեծ տնտեսումներ կլինեին: «Կրեպսոն» ընկերության գործադիր տնօրեն Արման Երեմյանն իր գործընկեր Արմեն Խաչատրյանի հետ համագործակցելով իսրայելական աշխարհահռչակ «ICL» ընկերության հետ՝ 2013-ին Իսրայելից մասնագետներ են հրավիրել Հայաստան, որոնք այս նույն ընկերության արտադրած կալիում-ֆոսֆորական պարարտանյութը Արմավիրի մարզում փորձարկել են եւ շատ լավ արդյունքներ ստացել: Իսրայելի մասնագետները Հայաստանի գյուղատնտեսության զարգացման պոտենցիալը, եթե հողը սնուցվեր նշված ընկերության պարարտանյութով, գնահատել են 12 միլիարդ դոլար՝ 4 տարվա ընթացքում: Երեմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «ICL» ընկերության բյուջեն Հայաստանի բյուջեից մի քանի անգամ մեծ է եւ աշխարհի մի քանի տասնյակ երկրներ է մատակարարում իր ապրանքը: Անցյալ տարի «Կրեպսոն» ընկերությունը գյուղնախարարություն է դիմել իր ծրագրով եւ առաջարկել պետական սուբսիդավորմամբ իսրայելական կալիում-ֆոսֆորական պարարտանյութը ներկրել եւ տրամադրել գյուղացիներին: Երեմյանի պատմելով՝ ներկայումս գյուղացիներին տրամադրվող կալիում-ֆոսֆորական պարարտանյութը 1 հեկտարի համար արժե 154 հազար դրամ, որից 77 հազարը սուբսիդավորում է կառավարությունը, իսկ «Կրեպսոնի» առաջարկած գինն ընդամենը 55 հազար դրամ է: Ընդ որում, «Կրեպսոնի» առաջարկած ծրագրով ու իսրայելական պարարտանյութով 1 հեկտարի համար անհրաժեշտ է 250 կգ պարարտանյութ, որն ապահովելու է բարձր բերքատվություն, իսկ կառավարության սուբսիդավորմամբ գյուղացիներին ներկայումս տրվող պարարտանյութը 1 հեկտարին կազմում է 550 կգ: «Այսինքն՝ մեր առաջարկով կառավարությունը կարող էր 10 հազար հեկտարի հաշվարկով նվազագույնը 540 միլիոն դրամ տնտեսել, իսկ առավելագույնը՝ 990 միլիոն դրամ: Մենք այս բոլոր հաշվարկները ներկայացրել էինք կառավարությանը, բայց մերժվել»,- վստահեցրեց Երեմյանը: Իսկ ի՞նչ է արել այս առաջարկի հետ գյուղատնտեսության նախարարությունը, Երեմյանի ասելով՝ «գրողի ծոցն է» ուղարկել. «Մեզ մի քանի ամիս խաբում էին, ասում էին՝ ոչ մի սուբսիդավորման ծրագիր էլ չկա, գնացեք ոնց ուզում եք՝ աշխատեք»: Երեմյանն ու իր գործընկերը դիմել են ՀՀ վարչապետին: Նրա պատմելով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ 1-ին հանդիպման ժամանակ նա վստահեցրել է, թե գյուղնախարար Սերգո Կարապետյանին կհանձնարարի ընդունել գործարարներին, սակայն, ինչպես Երեմյանն ասաց, Կարապետյանն այդպես էլ ընթացք չի տվել: Հետո գործարարները, ըստ Երեմյանի, կրկին հանդիպել են վարչապետի հետ, որն էլ, ըստ գործարարի, կրկին վստահեցրել է, թե՝ գյուղնախարարը սպասում է ձեզ, հիմա գնացեք նրա մոտ, խնդիրը լուծված է. «Գնացինք Սերգո Կարապետյանի մոտ, նա էլ ասաց՝ չիմանաք, թե վարչապետի ասելով եմ ընդունում ձեզ, գոռգոռում էր: Մենք որքան էլ ասում էինք՝ մեր ծրագիրը երկրին օգուտ է, պարենային բավարարության հարց է լուծում, գյուղացիները ոտքի են կանգնելու, նախարարն ասաց՝ գրավոր ներկայացրեք: Ներկայացրեցինք՝ հաշվարկներով ու օգուտներով: Հետո մեզ ասացին, որ կարող ենք մրցույթին հայտ ներկայացնել: 7 ամիս սպասեցինք, անընդհատ հետաքրքրվում էինք՝ ե՞րբ է լինելու մրցույթը, պատասխան չկար»: Որոշ ժամանակ հետո՝ այս տարվա հունվարի 18-ին, ընկերությանը էլեկտրոնային փոստով տեղեկացրել են՝ «3 ժամում ներկայացրեք ՀՀ ամբողջ տարածքում մատակարարվող ապրանքի տրանսպորտային ծախսը, շահույթը, գինը, եկամուտները»: Երեմյանի խոսքերով՝ «Մենք 3 ժամում ֆիզիկապես չէինք կարող այդ հաշվարկներն անել ու ներկայացնել, եւ չկարողացանք ուղարկել դրանք, ու սա իրենք հիմք ընդունեցին, որ մրցույթին հայտ չենք ներկայացրել: Մինչդեռ մրցութ էլ չի եղել»: Հունվարի 29-ին կառավարության նիստին հավանություն տրվեց Սերգո Կարապետյանի առաջարկությունը՝ «157,327,200.0 դրամ որպես սուբսիդիա տրամադրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ներին՝ ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով, եւ 1,746,944,000.0 դրամ էլ՝ որպես սուբսիդիա տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորմանը»: Կառավարության հենց այս որոշման մասին տեղեկանալուց րոպեներ հետո Երեմյանի գործընկեր Արմեն Խաչատրյանը հանկարծամահ է եղել, սիրտը չի դիմացել: Երեմյանը վստահեցնում է, որ «Հրաշք այգի» ընկերությունը փոխկապակվցած է ՀՀ վարչապետի հետ. «Արտաշատի ճանապարհին «Հրաշք այգի» մեծ պահեստ-խանութ կա, գյուղտեխնիկայի եւ պարարտանյութի վաճառքով է զբաղվում, նույն անունով մի ռեստորան էլ կա էդ մասերում: Խանութ-պահեստի տիրոջ անունը Գոքոր է, նա նույնիսկ հայտարարել է, որ պարարտանյութ բերելու ու վաճառելու հարցերն ինքն է լուծում: Եթե հովանավոր չկա, թող ապացուցեն, բացի դրանից՝ եթե նման բան չկա, եւ եթե փոխկապակցվածություն չկա վարչապետի հետ, ապա մեր ծրագրին հավանություն կտային, որովհետեւ անբացատրելի է, թե ինչո՞ւ է մերժվում այսպիսի մեծ արդյունք տվող, պետական հսկայական գումարներ տնտեսող ծրագիրը: 2016-ին 10 հազար գյուղացիական տնտեսությունների կարող էր կառավարությունը աջակցել մեր ծրագրի շնորհիվ, հաջորդ 2 տարիներին՝ 100 հազար: Բանն այն է, որ այս պարարտանյութի արդյունավետությունն այնքան բարձր է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ էր լինելու, ենթակառուցվածքներ կզարգանային, ներդրումներ կգային, քանի որ այս գյուղապրանքի որակը համապատասխանելու էր եվրոպական չափանիշներին ու այլ շուկաներում մրցունակության խնդիր չէր լինի: Այս պարարտանյութով հողի սնուցման հաշվին ցրտահարությունից էլ կարելի էր խուսափել: Երբ մենք գյուղնախարարին ասացինք, որ Իսրայելի մասնագետներն ասել էին՝ կաջակցեն գյուղմթերքի արտահանմանը, եթե ստանան իսրայելական պարարտանյութով մթերք, նախարարն ասաց՝ մեզ Ռուսաստանը հերիք է, այլ շուկաներ պետք չեն: Բա էլ ո՞ւր մնացին կառավարության այն հավաստիացումները, որ արտահանման շուկան դիվերսիֆիկացնում են»: Գործարարն իր ծրագրի արդյունավետությունն ու պետական գումարների տնտեսման մասին մանրամասն նկարագրությունը նամակով ուղարկել է նաեւ ՀՀ նախագահին: Երեմյանը նախագահական է դիմել նաեւ մեկ այլ նամակով, թե ինչպես են իրեն կառավարությունում մոլորեցրել ու անհիմն մերժել, սակայն նախագահականից նրա դիմումը մակագրել են վարչապետի վերահսկողական ծառայություն, որտեղից արդեն մեկ ամսից ավելի է՝ պատասխան չկա: Երեմյանը նաեւ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, եւ ինչպես ինքն է ասում՝ ներկայացրել է տվյալներ, որ կոռուպցիոն շղթա է գործում, եւ իր ծրագիրն անհիմն մերժել են: Սակայն դատախազությունը փոխանակ քննություն անի՝ նամակը մակագրել է գյուղնախարարություն: Այստեղից էլ ի պատասխան ՀՀ նախագահին եւ դատախազությանն ուղարկած Երեմյանի նամակին գրավոր պարզաբանել են՝ «Կրեպսոն» ընկերությունը մրցույթի չի մասնակցել, գնային առաջարկ չի ներկայացրել, իսկ առաջարկվող պարարտանյութն էլ ոչ թե բաց գրունտային հողի համար է, այլ ջերմոցային: «Նախ՝ մրցույթ չի եղել, հետո էլ՝ նախարարությունը կասկածի տակ է դնում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության ապրանքի նշանակությունը, իսկ մեր փորձերով մենք ապացուցել ենք, որ այս պարարտանյութը բաց գրունտայինի համար է: Ստացվում է՝ վարչապետն ու գյուղնախարարը խաբում են ՀՀ նախագահին»,- ասաց գործարարը: Երեմյանը նաեւ դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հիմնվելով նախագահի այն հայտարարության վրա, որն արել է ԱԱԾ նոր տնօրենին ներկայացնելիս. «Ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես, մի կողմից՝ կոռուպցիոն երեւույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսեւորումների դեմ պայքարը հատկապես կարեւորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձեւավորման գործում»: Բայց ԱԱԾ-ից էլ գործարարն արդեն մեկ ամսից ավելի է՝ պատասխան չի ստացել: «Ես վստահ եմ՝ իմ դիմումները անպատասխան են մնում, քանի որ կոռուպցիոն ակուլաների այնպիսի խումբ է աշխատում, որոնք գյուղացու, գործարարների ու պետական շահերը հանուն իրենց անձնական շահերի ոտնահարում են»,- ասաց Երեմյանը: Նրա խոսքերով՝ ինքն ու իր մահացած գործընկերը այս խնդրի արդյունքում կորցրել են իրենց ողջ ունեցվածքը. «Ես քայքայվում եմ, 130 կիլոգրամ էի, հիմա երեւի հազիվ 70-80 կիլոգրամ լինեմ»: Առաջիկայում կհրապարակենք նաեւ պաշտոնական պարզաբանումները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Նույն շարքից