Քաղաքականություն 

Դավութօղլուի հրաժարականը վկայում է, որ երկրի նախագահ Էրդողանը վերածվել է ավտոկրատ առաջնորդի. New York Times

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականը վկայում է այն մասին, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը գործնականում վերածվել է ավտոկրատ առաջնորդի: Այս մասին նշված է ամերիկյան New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում:

«Փորձելով ստանալ ավելի մեծ իշխանություն՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը զտումներ իրականացրեց դատական մարմիններում՝ ձերբազատվելով թշնամիներից, բանտարկեց լրագրողներին, ճնշեց հակակառավարական ակցիաները:

Այժմ նա իշխանությունից հեռացրեց իր մերձակա քաղաքական դաշնակից, վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, ով երկչոտ փորձեր ձեռնարկեց Էրդողանի հավակնությունները սանձահարելու համար, ինչն էլ լցրեց նախագահի համբերության բաժակը:

Դավութօղլուի հրաժարականը վկայում է այն մասին, որ ավելի մեծ իշխանություն ստանալու Էրդողանի փորձերը տարաձայնություններ են առաջացրել նրանց միջև:

Այս պառակտումը ցույց է տալիս, որ Էրդողանի վերափոխումը դեմոկրատից ավտոկրատի գրեթե ավարտված է, նրա հավակնությունները՝ գործադիր ողջ իշխանությունը կենտրոնացնելու նախագահի ձեռքում, մոտ է իրագործմանը:

Թուրքիայի երկու առանցքային քաղաքական գործիչների միջև տարաձայնություններին ավելացավ այն, որ երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Խոսքը երկրի հարավ-արևելքում քրդական ջոկատների դեմ պատերազմի, Սիրիայի պատերազմի բացասական հետևանքների, այդ թվում նաև սահմանային հրետակոծությունների, միլիոնավոր փախստականների ժամանման մասին է:

Դավութօղլուն պատասխանատու է եղել Սիրիայի հանդեպ թուրքական քաղաքականության համար, ինչը, շատերի կարծիքով, ձախողում էր»,- նշում է թերթը:

Նույն շարքից