Գլխավոր Հասարակություն 

Թմրադեղերի դեմ պետք է պայքարել՝ նախ և առաջ ծնողներին սարսափեցնելով. ՀՀ Ոստիկանապետ 〈Լուսանկարներ և տեսանյութ〉

analitik.am

«Այսօրվա թեման մեր երեխաների թեման է, ոչ մեկս չի կարող խաղաղության մեջ լինել, ասել՝ էդ խնդիրը ինձ, իմ ընտանիքին, իմ հարևանին չի կպնում»,- այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին Հայաստանում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով թմրամոլության հակազդման առաջնահերթություններին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես պատանիներին ու երիտասարդներին այդ ախտից զերծ պահելու պատասխանատվությունը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված ընդհանուր վիճակի, 2015 թ. եւ 2016 թ. առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը վերահսկելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Անդրադառնալով հանրային իրավագիտակցության բարձրացման և հասարակական վերահսկողության խստացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հակաթմրամոլային քարոզչության նշանակությունը։

«Ոչ մեկս չի կարող խաղաղության մեջ լինել, ասել՝ էդ խնդիրը ինձ, իմ ընտանիքին, իմ հարևանին չի կպնում: Եթե էսօր չի կպնում մեզ, մեր ընտանիքին, մեր երեխաներին, վաղը կկպնի մեր թոռներին:

Ցույց տվեք, թող սարսափեն, թող տեսնեն, թող վախենան: Որ մարդը տանը նստած սարսափի: Պիտի ծնողը գնա ասի՝ տղա ջան, հլը մի հատ թևերդ նայեմ, գրպաններդ նայեմ, մարմինդ նայեմ: Պետք է անհանգստացնել ծնողին, անհանգստացնել մեզնից յուրաքանչյուրին, որ հեսա, եթե էսօր չնստեց երեխուդ, վաղը գցեն երեխուդ էդ վիճակին, թոռանդ կգցեն, հարևանիդ, եղբորդ երեխուն, քրոջդ երեխուն»,- ընդգծել է ոստիկանապետը:

Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից արվեցին գործնական առաջարկներ, կարևորվեց համագործակցությունը ինչպես գերատեսչությունների միջև, այնպես էլ համայնքների ներկայացուցիչների, ուսուցչական կոլեկտիվների, լրատվամիջոցների և շահագրգիռ այլ կառույցների հետ։

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ավարտին հաստատվեց 2016 թվականի աշխատանքային պլանը, որով սահմանված են գերատեսչությունների գործունեության ոլորտները, միջանկյալ ծրագրերը և դրանց իրականացման ժամկետները։

Նույն շարքից