Իրավական Հասարակություն 

Ոստիկանությունը կադրեր է հրապարակել ավազակային հարձակման դեպքի վայրից

analitik.am

Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել այսօր գիշերը «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա կատարված ավազակային հարձակման մասին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ մայիսի 13-ին ժամը 04:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:

Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լևոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես և երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երևանի Պոպովի փողոցի բնակիչներ, 25-ամյա Էդգար Մանուկյանն ու 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանն են:

Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետևանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից