Բունդեսթագի փոխխոսնակն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բունդեսթագի փոխխոսնակն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մայիսի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետեւ տիկին Բուլմահնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին:

Այցի ավարտին Էդելգարդ Բուլմահնը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրագրողների հետ զրույցում Բունդեսթագի փոխնախագահը նշել է. «Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից եւ ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին: Ես՝ որպես Բունդեսթագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ եւ այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը»: