Գլխավոր Հասարակություն 

«Անալիտիկ» կայքի խմբագրի գործով պաշտպանը միջնորդություն է արել. aravot.am

analitik.am

Ըստ այդ միջնորդության, մեղադրյալին՝ Անի Հովհաննիսյանին, հարկ է բացատրել իրեն առաջադրված մեղադրանքի էությունը գրավոր

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը, որը ներկայացնում է կալանավորված Անի Հովհաննիսյանի շահերը: Նա միջնորդել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը բացատրի մեղադրյալին մեղադրանքի էությունը: Փաստաբանը հարցնում է, թե 2014թ. դեկտեմբերի 6-ին, 2015թ. հունվարի 30-ին, 2016թ. ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակված նյութերից որո՞նք են հանդիսանում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, նրա քաղաքական գործունեությանը եւ ընտանիքի անդամներին վերաբերող: 2014թ. դեկտեմբերի 6-ին, 2015թ. հունվարի 30-ին, 2016թ. ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակված նյութերից կոնկրետ որո՞նք են հանդիսանում Տիգրան Ուրիխանյանին եւ նրա ընտանիքի անդամներին՝ խարդախության մեջ մեղադրող, եւ արդյոք, այդ մեղադրանքները իրակա՞ն են (Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը ճիշտ ձեւակերպելու համար), թե՞ ոչ:

Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացնում է, որ Անի Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված է. «Զրույցի ընթացքում Անի Հովհաննիսյանը տարաբնույթ ձեւակերպումներով հասկացրել է Տ. Ուրիխանյանին, որ վերջինիս արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք»: Ըստ այդմ էլ նա միջնորդել է, որպեսզի «թերաբնույթ» այդ ձեւակերպումը պարզաբանվի. «Տարաբնույթ ձեւակերպումներ» ասվածը դրանք բառայի՞ն են, թե՞ ոչ, եթե բառային են, ապա այդ ձեւակերպումները ինչպիսի բառերից են կազմված, որոնք կարող են անձանց մոտ «… արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք» նշանակել: Եթե «տարաբնույթ ձեւակերպումներ» ասվածը բառային չէ, այլ ժեստային է, ապա այդ որ ժեստերն են, որոնք կարող են «… արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք» նշանակել եւ ներկայացնել ժեստերի բառարանը»:

Հարցադրումներից մեկն էլ այն էր, թե ԱԺ պատգամավորին կամ նրա մերձավորներին արատավորող, նրանց իրավունքներն ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկատվությունները հստակեցված չեն, եւ պարզ չէ՝ այդ տեղեկատվությունները իրական էին, թե ոչ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում Անի Արթուրի Հովհաննիսյանի եւ Վարդիթեր Արտյոմի Գիշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:

Փաստաբանը քննիչին տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալի հետ տեսակցություն ունենալու ժամանակ, երբ մեղադրյալին հարցրել է, թե արդյոք իրեն բավարար չափով պա՞րզ է առաջադրված մեղադրանքի էությունը, նա նշել է, որ «իրեն տրամադրվել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, սակայն մեղադրանքի էությունը պարզ չէ, ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում»: Փաստաբանն ասում է, թե «մեղադրյալը տարակուսած էր եւ չեր պատկերացնում, թե որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված իր որ գործողություններն են, որ վարույթ իրականացնող մարմինը որակել է՝ որպես շորթում»: Հետեւաբար, անհրաժեշտություն է ծագել մեղադրյալին վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանքի էությունը բացատրելու առումով:

Մեղադրյալին առաջադրված մեղադրանքի էությունը բացատրելու հանգամանքը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ պետք է այն հաստատվի մեղադրյալի եւ քննիչի ստորագրությամբ եւ տեղ գտնի համապատասխան արձանագրության մեջ:

Լիպարիտ Սիմոնյանը զուգահեռ է կատարում 1999թ. «Փելլիսիերը եւ Սասսին ընդդեմ Ֆրանսիայի գործով» Եվրոպական դատարանի որոշման հետ, համաձայն որի՝ «Մեղադրյալին փոխանցման անհրաժեշտ տեղեկատվությունը վերաբերում է հանցանքի «բնույթին» եւ «հիմքին». «Բնույթ» նշանակում է այն հանցանքը, որի համար նա մեղադրվում է (այն է՝ իրավական բնութագիրը), եւ «հիմք» բառը ցույց է տալիս այն գործողությունները, որոնք վերջինս ենթադրաբար կատարել է: Հանցագործության մանրամասները չափազանց կարեւոր են, քանի որ դրանց մատուցման պահից է կասկածյալը պաշտոնապես տեղեկացվում իր դեմ ներկայացված մեղադրանքների փաստացի եւ իրավական հիմքերի մասին»:   ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Նույն շարքից