Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է դուստրը

Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է դուստրը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1940 թ. ծնված Ատալիա Վարդանյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածանքով ձերբակալվել է տուժողի դուստրը, և նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, 47-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր` Ա.Վարդանյանի գլխին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ա.Վարդանյանը դիմադրություն է ցույց տվել և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձ կատարելու կասկածանքով 47-ամյա կինը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ կասկածյալը հաշվառված է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ։ Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Հանցագործության գործիք հանդիսացող գործիք կացինն առգրավվել է: