33-ամյա տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

33-ամյա տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի մայիսի 29-ին, ժամը 00:10-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը:

Նույն օրը՝ ժամը 02:30-ին, ինքնակամ ներկայացել է Կապան քաղաքի բնակիչ 50-ամյա Ս.Դավթյանը և հայտարարել, որ Կապանի Հ.Ավետիսյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ե. Հովհաննիսյանի հետ, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ս.Դավթյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ առգրավվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում` կասկածյալի ցուցմունքներում մատնանշված տվյալներն ստուգելու ուղղությամբ: