Հասարակություն 

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող անձինք ճանաչվել են մեղսունակ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում ենք, որ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի և Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են մեղսունակ:

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սևանի Աղթամար թերակղզու մոտ Գ. Զոհրաբյանը և Ա. Միհրանյանը քարով բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կ. Վարդանյանի գլխին։ Այնուհետև տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գ. Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Միհրանյանին և Գ. Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, մեղադրյալների նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն:

Ստացված թիվ 55 և 38 եզրակացությունների համաձայն՝ ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս Ա.Միհրանյանը և Գ. Զոհրաբյանը  կարող էին և կարող են գիտակցել իրենց գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Այսպիսով, մեղսագրվող արարքի նկատմամբ նրանց, փորձագետների գնահատմամբ, հարկ է ճանաչել մեղսունակ:

Քրեական գործի քննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից