Հասարակություն Վերլուծական 

Էրդողանի որոշ գործողություններ հիշեցնում են 1915 թվականը

analitik.am

Աներևակայելի վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում՝ դավադիրներին որսալու քողի տակ: Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն անվանելով «նվեր Ալլահից», նախագահ Էրդողանն այս առիթը չարաշահում է իր վաղեմի երազանքն իրականացնելու համար՝ դառնալ միաժամանակ ոչ միայն Սուլթան, այլ նաև Ստալին ու Հիտլեր...

Հեղաշրջման փորձից շատ չանցած, էրդողանը հրամայեց ձերբակալել և աշխատանքից հեռացնել տասնյակ հազարավոր սպաների (այդ թվում՝ հարյուրավոր գեներալների և ծովակալների), ոստիկանների, ուսուցիչների, քաղաքացիական ծառայողների, դատավորների և լրագրողների, ինչպես նաև փակել հարյուրավոր մասնավոր դպրոցներ: Այս գործողություններն այնքան արագ տեղի ունեցան, որ դժվար էր հավատալ, թե կարճ ժամանակահատվածում հնարավոր էր կասկածյալների նման սպառիչ ցուցակ կազմել: Իրականում, թուրքական բռնապետն ամենևին էլ կարիք չուներ որևէ ցուցակ նախապատրաստելու, քանի որ նա ձերբակալում և հեռացնում էր բոլոր նրանց, որոնք իր հետևորդները չէին…

Հուլիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանը, ձայների 346 կողմ և 115 դեմ հարաբերակցությամբ, հավանություն տվեց երկրում 90-օրյա արտակարգ դրություն հայտարարելու օրինագծին և Էրդողանին «քարտ բլանշ» տվեց 30 օր իշխել նախագահական հրամանագրերով: Այս երկու ժամկետները, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվեն: 115 պատգամավորները, որոնք համարձակվեցին դեմ քվեարկել այդ օրինագծին, կարող են թանկ վճարել իրենց անհավատարմության համար, քանի որ նրանք կարող են զրկվել պատգամավորական անձեռնխելիությունից և մեղադրվել հեղաշրջմանը մասնակցելու համար: Թուրքիայի կառավարությունն իր անօրինական գործողությունների դատական բոլոր վերանայումները կանխելու նպատակով, տեղեկացրեց Եվրոպայի խորհրդին, որ այլևս չի ընդունելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը...

Նկատելի են որոշ ահազդու զուգահեռներ Էրդողանի վարչակարգի դաժան քայլերի և Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. ցեղասպանությունների ժամանակ հայերի և մյուս քրիստոնյաների դեմ իրականացված անգութ բռնությունների միջև.

1) Թուրքական կառավարությունը արգելանք է դրել հուլիսի 15-ի պետական հեղաշրջման կասկածյալների ունեցվածքի վրա: Նրանց հավանական դատապարտումից հետո, այդ ունեցվածքը կփոխանցվի պետությանը, ինչպես դա եղավ 1915 թվականից սկսած, երբ բռնագրավվեց աքսորված ու սպանված հայերի և այլոց սեփականությունը:

2) Էրդողանի կողմնակիցները, որոնք սպանվել կամ վիրավորվել էին հեղաշրջման փորձի ընթացքում, փոխհատուցում կստանան կասկածյալ դավադիրների բռնագրավված ունեցվածքի հաշվին: Համանման գործողություն իրականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժամանակ՝ հայերից թալանված ունեցվածքը բաժանվեց Բալկաններից ներգաղթած թուրքերին և երիտթուրքերի առաջնորդների ընտանիքներին, որոնք սպանվել էին հայ վրիժառուների ձեռքով:

Ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիր Ջան Դյունդարը, մեծ ռիսկի դիմելով, համարձակորեն պնդեց, որ արտակարգ դրության պայմաններում Թուրքիան կունենա «բռնապետական ռեժիմ, որտեղ կսահմանափակվեն ազատությունները, գրաքննության կենթարկվեն լրատվամիջոցները և կվերանա խորհրդարանը»: Ցավոք, Դյունդարը չնշեց, որ այդ բռնությունները Թուրքիայում վաղուց գոյություն ունեին, պետական հեղաշրջման փորձից առաջ: Իրոք, Էրդողանը իր բռնատիրական ծրագրերը բացահայտել է ավելի քան 10 տարի առաջ, հայտարարելով՝  «Ժողովրդավարությունը գնացքի նման է: Դու նստում ես, որ մի տեղ գնաս, իսկ հետո իջնում ես»...

Էրդողանը, հասնելով իր «գնացքով ճանապարհորդության» ավարտին, այժմ հայտարարել է, որ ինքը կարող է վերականգնել մահապատիժը «հեղաշրջման դավադիրների» նկատմամբ, իր քաղաքական միցակիցներից ձերբազատվելու համար... Եվրամիության պաշտոնյաները զգուշացրել են թուրք ղեկավարին, որ նման քայլը մշտապես կարգելափակի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը...

Բացի այդ, «Ամնիսթի Ինտերնեյշնլ» կազմակերպությունն անցյալ շաբաթ ջախջախիչ զեկույց  հրապարակեց, փաստագրելով կալանավորների իրավունքների բազմաթիվ խախտումներ և մեղադրելով Էրդողանի անվտանգության ուժերին՝ զինվորների խոշտանգումներին, սոված պահելուն և նույնիսկ բռնաբարություններին մասնակցելու մեջ... Կալանավորները նաև զրկված էին իրենց փաստաբաններին հանդիպելու հնարավորությունից:

Էրդողանը, իր քաղաքական հակառակորդներին վերացնելու մոլուցքով տարված, պահանջել է Միացյալ Նահանգներից Թուրքիային արտահանձնել իր գլխավոր մրցակից, իսլամական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին՝ մեղադրելով նրան հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ: Էրդողանի համախոհները, ռասիստական մոտեցմամբ փորձեցին վարկաբեկել Գյուլենին, մեղադրելով նրան նաև հայկական ծագում ունենալու և 50 տարի առաջ Պոլսո Հայոց պատրիարքին Հայոց ցեղասպանությունը ճանաչող նամակ գրելու համար...

Ազդեցիկ Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (ԻՄՀ) երկու զեկույց է հրապարակել հուլիսի 18-ին և 21-ին՝ Էրդողանի վարչակարգի կոշտ միջոցները որակելով որպես «կամայական և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքին հակասող»: Ավելին, ԻՄՀ-ի գլխավոր քարտուղար Ուայդլեր Թեյլորը զգուշացրել է Թուրքիային. «Կան մարդու իրավունքներ, որոնք երբեք չեն կարող սահմանափակվել, նույնիսկ արտակարգ դրության ժամանակ, հատկապես կյանքի իրավունքը, խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի արգելանքը և կամայական ազատազրկման հիմական տարրերն ու արդար դատաքննության իրավունքը»:

Նախագահ Էրդողանը ավելի մեծ վնաս է հասցրել թուրք ժողովրդին, քան այսպես կոչված դավադիրները՝  ձերբակալելով և աշխատանքից հեռացնելով 60 հազար զինվորականների, պետական պաշտոնյաների և այլ քաղաքացիական անձանց, դրանով իսկ տկարացնելով երբեմնի հզոր ռազմական ուժը և վտանգելով երկրի ապահովությունը:

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նույն շարքից