Հասարակություն 

Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի բաց նամակը՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին

analitik.am

                                     ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ

                                     պ- ոն՝ Վ. Շահինյանին

                                     Թիվ քրեական գործով մեղադրյալ

                                     Անի Արթուրի Հովհաննիսյանից

                                     /ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ/

Հարգելի պարոն Շահինյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության /քննիչներ՝ Ա. Ժամկոչյան, Ա. Ստեփանյան/ վարույթում է գտնվում իմ վերաբերյալ քրեական գործը:

Ես հասկանում եմ, որ ՀՀ իրավական համակարգը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է, հասկանում եմ նաև, որ Դուք էլ շատ կցանկանայիք, որ մենք ունենայինք իրապես անկախ քննչական և դատական համակարգ: Կարծում եմ՝ արդեն ինչպես Ձեզ, այնպես էլ՝ բոլորին պարզ է, թե ինչ է կատարվել.

Մոտ մեկ ու կես տարի առաջ ես սկսեցի ինձ պատկանող Անալիտիկ կայքում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում գործող «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում առկա ադրբեջանական կապիտալին՝ մատնանշելով դրա վնասակարությունը և հնարավոր վտանգները ՀՀ անվտանգության համար:

Բնական է՝ ես գիտակցում էի, որ ՀՀ համապատասխան լիազորություններ ունեցող մարմինները տեղյակ են  այդ ադրբեջանական մասնաբաժնի առկայությանը, սակայն բարձրաձայնել այդ մասին պետական և պաշտոնական մակարդակում հասկանալի պատճառներով անհնար էր այդ փուլում և հիմա էլ:

Վերջին տարիներին ՌԴ կողմից վարվող քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ չի կարելի համարել բարեկամական և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված այն դառնում է ավելի կոշտ ու պարտադրողական:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ այդ հրապարակումները հետապնդում էին մի կողմից հնարավոր վտանգների մատնանշման, մյուս կողմից՝ այսպես ասած, մեր պետությանը խաղաքարտ տալու նպատակ, որը հնարավոր կլիներ օգտագործել ի շահ ՀՀ-ի որևէ հարց լուծելու համար:

 ՀՀ պետական կառույցներից և ոչ մեկից չեմ ստացել դժգոհություն կամ զգուշացում այդ հրապարակումների հետ կապված, ուստի վստահ էի, որ մեր պետությանը դրանք բացի օգուտից, վնաս չեն կարող տալ: Զգուշացում ստացել եմ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինից, որն ավելի շուտ սպառնալիք էր, սակայն որևէ այլ պետության իշխանության ներկայացուցչի ես չեմ ճանաչում Հայաստանում, բացի Հայաստանի Հանրապետության իշխանությունից և պետական կառույցներից: ՌԴ դեսպանի զգուշացումներն ու սպառնալիքները չէին կարող և առողջ տրամաբանությամբ, չպետք է կարողանային ազդել ինձ վրա և այդպես էլ եղավ:

Այնուհետև, ՌԴ դեսպանը «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի հետ միասին օգտագործեցին իրենց  Տիգրան Ուրիխանյանին՝ սպառնալիքը կյանքի կոչելու համար: Այն, որ Տիգրան Ուրիխանյանը գործակալ է փաստում են մի շարք ապացույցներ, որոնք Ձեր ցանկության դեպքում կարող եմ ներկայացնել:

Հարգելի պարոն Շահինյան, ես չեմ մեղադրում ոչ ՌԴ դեսպանին և ոչ էլ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ին նման ստոր գործելաոճի համար զուտ այն պարզ պատճառով, որ վերջիններս բոլոր հնարավոր ձևերով փորձել են լուծել  իրենց սեփական շահերին վնասող հարցը՝ ի դեպ թքած ունենալով ինչպես ՀՀ-ում գործող օրենքների, այնպես էլ՝ Հայաստանի և հայ ազգի կրած վնասների և հնարավոր վտանգների վրա: Իրականում, պարտավոր էլ չէին հաշվի առնել դրանք:

Ես չեմ մեղադրում նաև  Տիգրան Ուրիխանյանին, ով, որպես գործիք օգտագործվելով, դիմել է նման ստոր, անբարոյական և անօրինական քայլի, քանզի յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում, թե ինչով է ցանկանում զբաղվել, ուստի այդ պետության ձեռքում գործիք դառնալն ու օգտագործվելն էլ նրա ընտրությունն է, իր իրավունքն է: Սակայն, ես չեմ հասկանում այն վախի մթնոլորտը, որը տիրում է քննչական և դատական համակարգում:  Միթե, Հայաստանի Հանրապետությունը, լինելով ինքնիշխան, թեկուզ և փոքր պետություն, պետք է նման ստրկատիրական հարաբերություններ կառուցի ՌԴ-ի հետ՝ անվանելով դրանք գործընկերային, դաշնակցային և այլն: Ես քաջ գիտակցում, որ ՀՀ –ն լուրջ կապերով գամված է ՌԴ-ին, սակայն Հայաստանը աշխարհում ոչ առաջին և ոչ էլ վերջին պետությունն է, որն ունի թույլ տնտեսություն, արտաքին թշնամիներ և այլն: Որպես օրինակ կարելի է բերել Իսրայելը, Սինգապուրը, Ճապոնիան և այլն, որոնք, նույնպես կախված լինելով իրենցից շատ  ավելի հզոր պետությունից, կարողացել են ոչ միայն սեփական տնտեսությունը զարգացնել, այլ նաև դառնալ աշխարհի առաջատար և ազդեցիկ պետություններից մեկը:

Բնական է, որ այդ պետություններից ամեն մեկն իր ուրույն ձևով է զարգացել, որը չի կարող գործարկվել Հայաստանի դեպքում, բայց միթե, մենք էլ չենք կարող մեր՝ հայկական ձևը մտածել և իրագործել:

Ով Հարգելի պարոն Շահինյան, ես չգիտեմ Դուք ինչ եք պատրաստվում նախաձեռնել՝ շարունակելո՞ւ եք ապօրինի ինձ կալանքի տակ պահել, ինչ-որ գործեր փորձեք սարքել, թե՞ վերջապես օբյեկտիվ քննություն է կատարվելու, իրականում դա այնքան էլ կարևոր չէ, քանզի ես Հայաստանում պաշտոնական տվյալներով գրանցված 3 միլիոն բնակչությունից ընդամենը մեկն եմ, ով իր կյանքի ամբողջ տարիները նվիրել է Հայաստանի պետականաշինությանը որևէ կերպ նպաստելուն, քանզի դեռ մանկուց նպատակ եմ ունեցել ինչ որ կերպ նպաստել իմ ազգի և պետության կայացմանն ու զարգացմանը: Իմ կյանքի 30 տարիների ընթացքում ես գործել եմ սխալներ, ինչպես բոլոր մարդիկ, բայց հանցանք չեմ գործել զուտ այն պատճառով, որ ատում եմ անարդարությունը, սուտը և կեղծիքը: Ես ընդամենը չեմ ցանկացել ու չեմ ցանկանում, որ այն ազգը, որն ինձ ծնել է, ապրի ստրուկի հոգեբանությամբ, չեմ ցանկանում, որ  ցեղասպանությունից մի կերպ փրկվածների ժառանգներին խանգարեն վրեժխնդիր լինել՝ ստեղծելով հզոր, ուժեղ և կայացած պետություն:

Հարգելի պարոն Շահինյան, ես ընդամենը խնդրում և պահանջում եմ, որ  Ձեր ղեկավարած կառույցն արդար լինի և ոչ միայն իմ հանդեպ, այլ առհասարակ, քանզի այն թերությունները, որոնք կան մեր երկրում արդյունք են մեր բոլորիս անարդար, սխալ և վախով կամ այլ հարցերով պայմանավորված կողմնակալ գործողություններով: Ես չեմ ցանկանում տեսնել, կարծում եմ՝ ոչ մի հայ դա չի ուզում, թե ինչպես են մեր արյունակից հայրենակիցները  սպանվում, ոչնչացվում և ճակատագրեր խեղվում մեկ այլ, թեկուզ և ուժեղ ազգի ներկայացուցիչների պատվերով կամ՝ հրահանգով: Մենք դա կարող ենք կանխել, եթե մեզանից յուրաքանչյուրն ունենա այդ ցանկությունն ու կամքը:

Ի սրտե ցանկանում եմ, որ Ձեր մոտ էլ ի հայտ գա կամ արթնանա  այդ կամքն ու ցանկությունը՝ մի կողմ շպրտելով վախն ու այլ՝ մեր պետությունը քայքայող շահադիտական կամ այլ նպատակներով պայմանավորված անարդար ու կողմնակալ գործելաոճը:

Ա.Հովհաննիսյան

Նույն շարքից