Քաղաքականություն Ֆեյսբուք 

Հիացած չեմ եղել Յուշչենկոյի քաղաքական գործունեությամբ, սակայն մարդկային ազատությունն առանձնապես տպավորիչ է. Հովհաննես Մանուկյան

analitik.am

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուկրաինայի մասին մեզ հասնող տեղեկատվությունը, նամանավանդ վերջին ժամանակներս, հաճախ ռուսական քարոզչական խողովակից է: Ուկրաինայի և ուկրաինացիների հետ ասոցացվող Մայդան, անկայունություն, բանտեր, գահընկեցություն և հեղափոխության առաջին հայ զոհ երևույթները բավարար են սոսկ ընդհանրական տպավորության համար: Այդ երկրի քաղաքական իրավիճակը վերլուծելու, մեր երկրի հետ համեմատելու կամ նույնիսկ թեթև զուգահեռ անցկացնելու անհրաժեշտությունը թողնելով ժամանակ առ ժամանակ ակտիվացող այսպես կոչված քաղտեխնոլոգներին՝ ուշադրություն դարձնենք այս հրապարակմանը (http://ua-today.com/news-from-ukraine/99788):
Երբևէ հիացած չեմ եղել պան Յուշչենկոյի քաղաքական գործունեությամբ, անգամ այս պահին չեմ կարող մտաբերել նրա որևէ հայտնի ելույթ։ Վստահ եմ նույնիսկ, որ նրա քաղաքական առաջնորդության ժամանակաշրջանի սխալներն են նաև այսօրվա արտաքին և ներքին քաղաքական ցնցումների պատճառը։ Սակայն մարդկային ազատությունն առանձնապես տպավորիչ է: Համաձայնենք, որ երկրի գլուխ լինելուց հետո դաժան դատարկությունը լցնելու ներքին մղումն ամեն նախկին նախագահի չէր տանի հին իրերի վաճառասեղանի հակառակ կողմը: Չբացառելով PR էլեմենտների կիրառումը՝ այնուամենայնիվ անվիճելի է, որ սա մասնագետների կողմից ամենալավ խորհուրդը չէր լինի, եթե չհամապատասխաներ մարդու խառնվածքին: Մեզ մոտ օրինակ հազար անգամ կմտածեին նմանատիպ խորհուրդ տալուց առաջ: Առավել խորը կմտածեին հատկապես հետևանքների, հասարակության մոտեցման և էլի շատ ռիսկային գործոնների մասին…
Այնուամենայնիվ, Յուշչենկոյի նոր կյանքը բացատրությունների այլ հարթակում է. թերևս չի բացառվում, որ ամենավերևում կանգնած մարդը առերեսվելով փառքի անցողիկ իրականությանը՝ ի պատիվ մարդկային որակների իմաստնացել է՝ վերագտնելով սեփական կյանքի տնօրինման լիարժեք ինքնաբավությունը, որն այլ բառով քան ներքին ազատություն դժվար է անվանել…

Նույն շարքից