Վերլուծական 

Ռուսաստանը սկսել է 2004-ին մեկնարկած Հայաստանի մասին խաղի վերջնախաղը. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը հայկական խաղ չէ։ Այն աշխարհաքաղաքական խաղ է՝ տեղական դերակատարներով ու մասնակիցներով։ Այդ խաղը ոչ թե հանուն Հայաստանի է, այլ Հայաստանի մասին կամ Հայաստանի համար։ Այն զրոյական ելքով խաղ է, որի դեպքում հաղթողը շահելու է ճիշտ այնքան, որքան կշռելու է պարտվողի կորուստը։ Ու այնպիսի խաղ է, որի թվացյալ մասնակիցը ոչ թե մասնակից է իրականում, այլ խաղասեղանին դրված հաղթելիքն է։

Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը համարյա վերջնախաղ է։ Առաջին արարը սկսվել է դեռևս 2000-ականներին, ավելի կոնկրետ՝ 2004 թվականին՝ Երևանում, երբ Ռուսաստանի Պետդումայի այն ժամանակվա ղեկավար Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։ Դրան հաջորդեցին միջնախաղեր, որոնք ցույց էին տալիս, որ խաղը շարունակվելու էր ու է։ Որովհետև Գրիզլովը ոչ միայն չէր հակադարձվել ու չէր կշտամբվել, այլև ողջունվել էր ու շնորհակալվել։ Այնքան, որ հաջորդը լինելու էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ոչ թե՝ Երևանում, որը երևի Հայաստանի հանդեպ հարգանքի տեսակետից այլևս շատ էր համարվում, այլ՝ Գյումրիում հայտարարելու էր՝

Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից, հակառակը, մտադիր է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում։ Դա 2013 թվականի դեկտեմբերի 2-ին էր։ Սեպտեմբերի 3-ից ուղիղ երկու ամիս անց ու մեկ օր պակաս, և ուղիղ մեկ տարի երկու օր առաջ դեկտեմբերի 4-ից՝ 2014 թվականի, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը։ Բայց խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, որովհետև խաղասեղանին դրվածը շատ թանկ էր ու է Ռուսաստանի համար։ Խաղասեղանին դրվածն Անդրկովկասում մնալ-չմնալու հարցն էր ու է։ Ոչ միայն մնալու, այլ, ինչպես իր ռազմակայանում Պուտինն էր ասել՝ ամրապնդվելու։ Խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, քանի որ ու քանի դեռ այդ ամրապնդումը վերջնական չէ ու անշրջելի չէ։

Խաղը շարունակվելու էր ու տեղի էր ունենալու 2015 թվականի հունվարը՝ Պերմյակովի կատարմամբ, ու հետհունվարյան երկու տարիները՝ Պերմյակովին հայերին չհանձնելու նվաստացմամբ։ Խաղը շարունակվելու էր, ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի բնակիչները սարսափահար արթնանալու էին ռուսական զենքի հրետակոծությունից, մյուսները՝ կրկին սարսափահար, արթնանալու էին ռուսական լռությունից, որն աղմկելու էր անվտանգության երաշխավորի մասին նրանց թմբիրը։ Խաղը շարունակվելու էր, ու Դմիտրիներից՝ Մեդվեդևը բացելու էր ապրիլյան պատերազմի պլանավորման փակագծերը, Դմիտրիներից՝ Ռոգոզինն էլ՝ ռուսական սպառազինության պահեստները։ Ադրբեջանի համար, բնականաբար։ Խաղը շարունակվելու էր, ու Երևանում գրավվելու էր ՊՊԾ գունդը, ու ռուսների շուրթերից հնչելու էր արյան ծարավը, որի չբավարարումը նաև հանգեցրեց այն փոփոխություններին, որոնցով այս օրերին հրճվում է հայկական վերնախավն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղավորվել արդեն ռուսահայկական դարձող վերնախավում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից