Գլխավոր Հասարակություն 

Շարունակելու եմ պայքարս մեր պետությունն իրապես անկախ տեսնելու համար. Շնորհավոր ՀՀ անկախության 25 ամյակը

analitik.am

Հարգելի հայրենակիցներ, սիրով շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 25 ամյակի կապակցությամբ: 25 տարին լուրջ ժամանակահատված է հասարակության համար, որն ունի բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ: 25 տարին արդեն այն ժամկետն է, երբ նույնիսկ անհատ մարդու համար դրանից հետո ինքնուրույնությունն այլընտրանք չունի։

Մաղթում եմ, որ Հայաստանը որպես՝ քաղաքացիների ամբողջություն, վերջապես կարողանա գիտակցել իրական անկախության պատասխանատվության ծանրությունը, պատվով հաղթահարի վերջինիս հասնելու համար անհրաժեշտ խոչընդոտները և դե ֆակտո գործընկերային հարաբերություններ կառուցի աշխարհի թելադրող պետությունների հետ:

Աշխարհի յուրաքանչյուր հայի, իսկ առավելապես ՀՀ քաղաքացու պարտքն է աջակցել այդ բարդ գործընթացին, քանզի այլ կերպ անհնար է կառուցել իրապես ժողովրդավարական և իրավական պետություն, որի հասարակական արժեհամակարգի հիմքում առաջին հերթին կլինի ոչ միայն նյութական շահերի բավարարումը, այլ արդարության և հավասար իրավունքների գործարկումը, ազգային ինքնության և պետական շահերի պահպանումն ու ամրապնդումը:

Ինքս, վերապրելով անարդարության արդյունքում պատճառված հոգեբանական ծանր վիճակը, որպես ՀՀ քաղաքացի իմ ողջ գործունեությունը նվիրել և էլ ավելի եռանդով նվիրելու եմ անարդարության դեմ պայքարին և մեր փոքրիկ, բայց հզոր պետությունը իրապես անկախ տեսնելու, արդար և ուժեղ պետություն տեսնելու նպատակի իրագործմանը:

Կարծում եմ, որ բոլորիս համընդհանուր նպատակն է դա, և մեզանից յուրաքանչյուրը այս պատմական օրը պարտավոր է գիտակցել անկախության արժեքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ Հայաստանում կկրճատվի այն մարդկանց թիվը, ովքեր անկախության օրվա շնորհավորական ուղերձը կգրեն շինծու մեղադրանքի արդյունքում կալանավայրում գտնվելու պայմաններում: Ես վստահ եմ, որ այդ օրն էլ կգա, երբ մեր երկրում այլևս չեն լինի վերոնշյալ իրավիճակում հայտնված մարդիկ, իսկ կալանավայրերում կլինեն իրական հանցագործերն, այլ ոչ թե պետական հաշվեհարդարի զոհերը։ Շնորհավոր ՀՀ անկախության 25 ամյակը:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում շինծու մեղադրանքով անհիմն կալանքի տակ պահվող, Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից