Քաղաքականություն 

Սուտ ա, կատարյալ սուտ, երդվում եմ հորս արևով, ես երեխեքին չեմ հրավիրել. գյուղապետի թեկնածու Վ. Սաղաթելյան

analitik.am

Որքան մոտենում է հոկտեմբերի 2-ը, այնքան  նախընտրական կրքերը շիկանում են  Գեղամավան համայնքում: Գործող  ՀՀԿ-ական գյուղապետից բացի իր թեկնածություն  է առաջադրել «Նավասար» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական  Վաչիկ Սաղաթելյանը, ով ի դեպ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հայրն է: Նշենք, որ համայնքի ղեկավարի համար պայքարում սա նրանց երկրորդ փորձն է:

Սաղաթելյանի  նախընտրական քարոզարշավի մեթոդներն օրինականության տիրույթից դուրս են:  Այսպես որակեց Գեղամավան համայնքի բնակիչներից մեկը, ով զանգահարել էր խմբագրություն այդ առթիվ իր դժգոհությունն արտահայտելու:

«Ամեն մեթոդի դիմում է, հիմա ա էլ մեր երեխեքի գլուխը կերավ, սաղ գյուղի անունից եմ զանգել, իմանաք»,- ասաց մեր զրուցակից եւ հավելեց, որ օրերս Սաղաթելյանի ոչ ավանդական քարոզչության հերթական փորձն էլ ճակատագրական է դարձել համայնքաբնակ մի քանի երիտասարդների համար:

Բանն այն է, որ նախորդող երեկոյան, որպես «յուրօրինակ ընտրակաշառք», գյուղապետի թեկնածուն Սեւակ Եղիազարյանին, Շահեն Ավետյանին, Մելիք Օհանյանին, եւ գյուղի մի քանի ակտիվ երիտասարդների «անձամբ» հրավիրել է Սաղաթելյաններին  պատկանող  «Ծովասար»  ռեստորանային համալիր  «պատիվ տալու»,  որի դիմաց խնդրել է սատարել  իրեն ու աշխատել իր թիմում:

Աղբյուրի փոխանցմամբ,  տղաները «կարգին կերուխում են արել»  եւ նման  գինովցած վիճակում էլ վարել մեքենան: Գյուղ վերադառնալու ճանապարհին նրանք ավտովթարի են ենթարկվել, որի հետեւանքով վարորդը՝ Շահեն Ավետյանը եւ ուղեկիցներից մեկը՝ Սեւակ Եղիազարյանը,  ծանր վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Մեր թղթակցի հետ զրույցում, Գեղամավան համայնքի բնակիչներից տեսակետ հայտնեցին, որ դա սպասելի էր. «Վաչիկը մինչև գյուղում արյուն չհաներ, չէր հանգստանա»:

Վաչիկ Սաղաթելյանն էլ հակադարձեց. «Բալա ջան, ես հիվանդ պառկած եմ, քանի օր է տնից չեմ ելել: Ես վաղուց հյուրանոցով չեմ զբաղվում: Սուտ ա, կատարյալ սուտ, երդվում եմ հորս արևով , ես երեխեքին չեմ հրավիրել: Անգամ ամաչում եմ հարցնեմ, ոնց են նրանք: Նոր գյուղի խանութում մեկը հարցրեց ավարիա տված երեխու ծնողին, ասեց, արդեն լավ ա: Իրիկունը ուզում եմ գնամ իրենց տուն հարցուփորձ անեմ»:

Հարցին թե, ինչպես է անցնում քարոզարշավը Սաղաթելյանը պատասխանեց. «Գյուղում, ոչ մեկը բարևս չի առնում, վախենում են: Գործողը սաղին ահաբեկում ա»:

Ինչ վերաբերում է իր ընտրվելու հավանականությունը, նա նշեց. «Եթե հենց էսօր լինի ընտրությունը, ես կհաղթեմ, բայց հլա 10 օր կա, չգիտեմ ինչ կլինի»:

Սաղաթելյանը հավաստեց, որ իրեն սատարում է ՀՅԴ կուսակցությունը, ապա ասաց, որ չնայած Արմեն Ռուստամյանի կողմից առաջարկ է եղել իր քարոզարշավի օրը ներկա գտնվել գյուղում եւ ելույթ ունենալ, սակայն ինքը հրաժարվել է:

Անկուսկացական թեկնածուն, թեպետ նկատեց, որ գյուղը բարվոք վիճակում է՝ ենթակառուցվածքները, դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը: Չունեն խմելու և ոռոգման ջրի, լուսավորության, աղբահանության խնդիրներ, սակայն այն չվերագրեց գործող գյուղապետի գործունեւությանը: «Հա, սաղ կարգին ա, բայց դա իրա շնորհքը չի»,- ասաց նա, ապա վստահեցրեց, որ դա Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի  ավանդն է,  ով ծնունդով իրենց գյուղից է:

Գործող գյուղապետ Մնացական Վարդանյանն մեզ հետ զրույցում  «նորմալ»  որակեց   Սաղաթելյանի պահվածքը՝ այն համարելով «նախընտրական բնականոն պայքար»:

Փաստորեն, այս համայնքում իրականում ընթանում է ոչ թե թեկանածուական, այլ կուսակցական պայքար: Ու ի դեպ, շատ լարված: Համայնքը կուսակցապատկան դարձնելու նպատակով 2 կուսակցությունն էլ  ռեսուրս  չեն խնայում:

Ցավոք, այդ ռեսուրսների մեջ ամենախոցելին համայնքի ընտրողները դարձան, որոնցից ոմանք  հնարավոր էր կյանքով պատասխան տային:

Գեւորգ Եղիազարյանը, ում որդին՝ Սեւակ Եղիազարյանը, տուժել էր ավտովթարից, ասաց, որ տղան ստացել է գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ դեռեւս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ավտովթարի դեպքի առթիվ Ոստիկանության Սեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից