Քաղաքականություն 

Արցախի վարչապետն ընդունել է ֆրանսիացի մի խումբ գործիչների

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին և Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:
Ա. Հարությունյանը կարևորել է ֆրանսահայերի ու ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերում և, հատկապես, շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության էական դերն Արցախի կյանքում: Կառավարության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Արցախի բազմաթիվ բնակավայրեր իրենց վրա զգացել են կազմակերպության և ֆրանսահայերի աջակցության արդյունքները, ինչի համար շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց՝ թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ և թե՛ օտարերկրացի: Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում ևս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ և բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է խորը համագործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»:
Ա. Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպության անդամներին՝ Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար և հրավիրել է նրանց ներկա գտնվել շենքի բացման արարողությանը: Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Արցախի քաղաքական և հասարակական կյանքի մեջ ունեցած ակտիվ դերակատարության համար:
Իր հերթին Ֆ. Ռոշբլուանը պատրաստակամություն է հայտնել մշտապես ներկայացնել Արցախի շահերը Ֆրանսիայում՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի խաղաղության ու բարեկեցության:
Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի շուրջ 150 մանուկներ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:
Վարչապետ Հարությունյանը, օրինակելի համարելով բարերարների նվիրումը, կատարված աշխատանքը համարել է երկարաժամկետ ներդրում Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ:

Նույն շարքից