Առողջապահություն 

Սրտի համաշխարհային օրն է

analitik.am

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ 1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը:

Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է:

2016թ. օրվա կարգախոսն է` «Սիրտը կյանքի համար է»:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության` հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՈՀ) են: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է մոտ 80%։ Սրտանոթային հիվանդությունները մահացության բուրգում զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 48%: Աշխարհում տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից։ Հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան դեպքերը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նույնպես միանում է սրտի օրվա կարգախոսին և փաստում, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, շարունակական հսկողությունն ու բուժումը ոլորտի գերակա խնդիրներից են:

ԱՀԿ և Սրտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից տրամադրվող տեղեկատվությամբ` սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել, եթե անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն։ Այս հիվանդությունների առաջացման վարքագծային հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը (մրգերի և բանջարեղենի պակասը սննդակարգում), ինչպես նաև հիպոդինամիան (նստակյաց կյանքը), կենսաբանական գործոններից` ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ Հետևաբար, երկրները շարունակական ծրագրեր պետք է իրականացնեն դրանք հնարավորինս նվազեցնելու և վերացնելու ուղղությամբ:

Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը կյանքի բոլոր էտապներում ՀՀ առողջապահության նախարարության հիմնական քաղաքական ուղղությունն է, որի շրջանակներում իրականացվում են մի շարք սկրինինգային ծրագրեր ամբուլատոր-պոլիկլինիկկան օղակում, տարվում է առողջ ապրելակերպի ակտիվ քարոզչություն` հիմք ընդունելով միջոլորտային փոխհամագործակցությունը:

Հիվանդանոցային օղակում 2015 թվականից հաջողությամբ գործում է Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որի արդյունքում սրտի սուր ինֆարկտից մահվան դեպքերը 2015թ. 2014-ի համեմատ կրճատվել են 500-ով: 2016թ. արդեն իսկ Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում է ստացել 1137 մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 731-ի փոխարեն:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել առողջ ապրելակերպին և միշտ հիշել, որ շատ ավելի արդյունավետ է առողջության պահպանումը, հիվանդության կանխարգելումը, քան բուժումը:

Նույն շարքից