Հասարակություն 

Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը

analitik.am

Սեպտեմբերի 29-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ԱԻ կառավարման պետական մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻՆ և նախարար Ա. Երիցյանի անունից նիստի մասնակիցներին ողջունեց և նիստը վարում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Հակոբյանը:

Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս Մոսկվայում տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհված հրշեջների հիշատակը:

ՀԱՊԿ քարտուղարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը` մասնավորապես նշելով.

- Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԻ նախարարությանը և ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում կազմակերպված միջոցառումները միշտ անցնում են բարձր մակարդակի վրա: Մեր նախորդ նիստերի աշխատանքը հիմնականում ուղղված է եղել նորմատիվ իրավական ակտերի մշակմանը և անդամ երկրներում մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը: Շարունակվում է նաև աշխատանքը կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Կարծում եմ, որ համակարգող խորհրդի հետագա աշխատանքն այսուհետ առավել գործնական է լինելու և ուղղված համագործակցության զարգացմանը: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը (աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ), ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող ուսումնավարժությունների և այլ միջոցառումների իրականացմանը, ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում անդամ երկրների կադրերի վերապատրաստմանը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը:

ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը զեկուցեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացված ուսումնավարժությունների և այլ համատեղ միջոցառումների անցկացման մասին` ուղղված անդամ երկրների փոխգործակցության բարելավմանը:

Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի մոսկովյան տարածաշրջանային ներկայացուցչության, Ալմաթայի ղազախ-ղրղզական ԱԻ և աղետների ռիսկերի նվազեցման կենտրոնի և ՀԱՊԿ միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն:

Նույն շարքից