Հայաստան Հասարակություն 

Արդարադատության նախարարությունը և ԵՄ պատվիրակությունը համատեղ սեմինար են անցկացրել

analitik.am

 

Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ, 2015 թվականի մարտի 7-8-ը Աղվերանում կազմակերպել է սեմինար-քննարկում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագծերն ուղղված են վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև արբիտրաժային համակարգի զարգացմանը։

«Վեճերի այլընտրանքային լուծման ձևերի զարգացման անհրաժեշտությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. միջոցառումների ծրագրում: Ներկայում` հաշտարարությունը, որպես վեճերի լուծման այլընտրանքային տարբերակ և որպես իրավական ինստիտուտ լիարժեք չի գործում ՀՀ  իրավական համակարգում, քանի որ բացակայում է իրավական դաշտը, որը կկարգավորեր հաշտարարության ոլորտը: Այդպիսի ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է, որպեսզի խթանվի վեճերը հաշտարարությամբ լուծելու (ավարտելու) գործընթացը»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Այս նպատակին է ուղղված նաև «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում են հայցի ապահովման միջոցների և նախնական կարգադրությունների նկատմամբ կիրառելի դրույթների մանրամասն կարգավորումներ, ինչպես նաև առանձին գլխով սահմանվում են արբիտրի վարքագծի կանոնները:

Քննարկմանը մասնակցել  են նաև Արդարադատության նախարարության աշխատակիցները, իրավաբաններ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 
 

Նույն շարքից