Սպորտ 

Դպրոցականների մրցումներ` «Ազգային ժողովի գավաթի» համար

analitik.am
Երևանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը:
Մրցույթին մասնակցել են ՀՀ  բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմերը: Հաղթողներին մրացանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Ողջունելով մասնակիցներին և հաղթողներին`  ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ավանդական դարձած այս մրցաշարը նպաստում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման  զարգացմանը. «Մրցանակային գավաթները, որոնք տրվում են համեմատական միավորների արդյունքներով, այս դեպքում զուտ խորհրդանշական իմաստ ունեն: Իրականում դուք բոլորդ էլ արժանի եք մրցանակների, ձեր մասնակցությունն ու ոգևորությունը այս մրցաշարի ամենամեծ ձեռքբերումն են:  Ես անձամբ իմ ու նախարարության անունից շնորհավորում եմ բոլորիդ»,- իր խոսքում ընդգծել է  Մանուկ Մկրտչյանը:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության թիմային արդյունքներով   առաջին տեղը գրավել են Երևանի, երկրորդը՝ Կոտայքի, երրորդը՝ Գեղարքունիքի  թիմերը:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի տեղեկացմամբ մրցաշարն անցկացվում է  «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրային նյութերի  ատլետիկական  և մարմնամարզական վարժաձևերի շրջանակում: Գնահատումը կատարվում է   ֆիզկուլտուրայի համապատասխան դասարանների ուսումնական պլանի գնահատման նորմատիվներով:  «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային և ամփոփիչ հանրապետական: Եզրափակիչ փուլին մասնակցել են 192  դպրոցականներ և մարզիչներ:  Մրցույթն անցկացվում է 16-րդ անգամ,   մասնակցում են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները:
Մրացաշարի կազմակերպիչներն են ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը:

Նույն շարքից