Առողջապահություն 

Համախմբվել են աշխարհի հայ ընտանեկան բժիշկները

analitik.am

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին  նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  կարևորել է առաջնային  օղակի մասնագետների, մասնավորապես` ընտանեկւան բժիշկների դերը բնակչության առողջության պահպանման գործում։

«Հանրապետության նախագահից ես հանձնարարական եմ ստացել, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն միջոցներ ներդրվեն  առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության  բարձրացման, կարևոր ցուցանիշների բարելավման  ուղղությամբ։ Այդ գործում ես տեսնում եմ ձեր մեծ դերակատարությունը և ակնկալում անկաշկանդ համագործակցություն»,-ասել է նախարարը։

1997թ.-ին մեր երկրում առողջապահության առաջնային օղակում սկսված բարեփոխումների շրջանակում  բժշկական համալսարանում ստեղծվել են ընտանեկան բժշկության ամբիոններ` ապահովելով  ծրագրի կրթական բաղադրիչի շարունակական իրականացումը: 2006թվականին կազմավորվել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորումը»`  ընտանեկան բժշկությունը դարձնելով ակադեմիական դիսցիպլինա:

Կազմակերպության շուրջ միավորվել են Հայաստանի, Արցախի և արտերկրի հայազգի ընտանեկան բժիշկները:

Նշենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան փորձառու մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ` Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Վրաստանից:  Երևանի, ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 350 բժիշկներ  կծանոթանան ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին ու հեռանկարներին, կքննարկեն բժշկության արդի հիմնախնդիրները, կծանոթանան միմյանց  փորձին:

Նույն շարքից