Ռազմական 

Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է փոխգնդապետի կողմից զինված ուժերի թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա.Բադալյանը 2015թ. դեկտեմբերի 13-ից-22-ն ընկած ժամանակահատվածում նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասում 2015 թվականի ամառային ուսումնական փուլի ստուգումներն իրականացնելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ:

2015թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նշված զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ Ա.Բադալյանը, զորամասի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ Ա.Հակոբյանը և զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետ Հ. Հովհաննիսյանը գնացել են ճաշելու, ապա՝ վերադարձել զորամաս:

Զորամասի շտաբի մասնաշենքի մոտ, Հ.Հովհաննիսյանը, զինվորական ծառայության պարտականությունների կատարելու հետ չկապված, Ա.Բադալյանին Ղալթաղչի գյուղ ընկերոջ մոտ չտանելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, գլխով և բռունցքով հարվածել նրա դեմքին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է ստորին շրթունքի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, աջ գագաթաքունքային շրջանի վերկարծրենային արյունահավաքի, աջ քունքոսկրի խրթեշի կոտրվածքի ձևով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից