Գյուղատնտեսություն 

Քննարկվել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կընդլայնվեն:
«Հայաստանի համար Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում կարևոր նշանակություն ունեցող երկիր, որի հետ գյուղատնտեսության ոլորտում կարելի է իրականացնել փոխշահավետ ծրագրեր, և չնայած այսօր իսկ մեր երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են, սակայն հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու ուղղությամբ», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նաև հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել իրանական կողմի ներկայացրած յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, և այդ ուղղությամբ երկու երկրների միջև կապերը խթանելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ:
Նա նշել է, որ Իրանի բնակլիմայական պայմանները նպաստավոր նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում փոխգործակցության համար, մասնավորապես, սերմնաբուծության, անասնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության, վերամշակման և ձկնաբուծության ճյուղերում` առանձնահատուկ կարևորելով ծովախեցգետնի արտադրությունը: Միաժամանակ Իրանի դեսպանն ընդգծել է, որ վերոնշյալ ուղղություններով հաջող և արդյունավետ համագործակցության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը հնարավոր կլինի նաև արտահանել :
Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով դեսպանն առաջարկել է կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսներ` երկու երկրների գործարարների մասնակցությամբ:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հրավիրել է նախարար Իգնատի Առաքելյանին այցելել Իրան` երկրի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավաստիացրել է հյուրին, որ մանրամասն կուսումնասիրի հնչեցված առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից