Գյուղատնտեսություն 

Ոլորտի պատասխանատուներն այցելել են Արմաշի ծիրանի այգիներ

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել են Արարատի մարզի Արմաշ համայնք, որտեղ նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ: Ավելի վաղ համայնքից այգիները չորանալու մասին ահազանգ էր ստացվել:

Այցերի ընթացքում կատարվել է ծառերի զննում, այգու բուսասանիտարական իրավիճակի գնահատում: Ծառերի արմատներից, արմատամերձ հողից և ճյուղերից վերցվել են նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության են ուղարկվել ՍԱՊԾ բուսասանիտարական լաբորատորիա: Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են շուրջ մեկ տասնյակ հիվանդություններ և վնասատուներ, որոնք թեև չեն համարվում կարանտին օրգանիզմներ, սակայն, բույսերի պաշտպանության միջոցառումները ոչ պատշաճ կատարելու դեպքում, մեծ վնաս են հասցնում ծառին` ընդհուպ մինչև չորացում: Ճշտվել է նաև, որ Արմաշ համայնքում այգիների խնամքը, ոռոգումը և պարարտացումը պատշաճ չի իրականացվում:

Նշված պատճառները հանգեցրել են այգիների թուլացմանը և որոշ ծառերի չորացմանը: Խնդրի լուծման նպատակով՝ մասնագետները հողատերերին ներկայացրել են մանրակրկիտ խորհրդատվություն այն բոլոր միջոցառումների մասին, որոնք պետք է կատարվեն վեգետացիայի ամբողջ ընթացքում:

Միայն պատշաճ գյուղատնտեսության վարման և բուսասանիտարական միջոցառումների իրականացման դեպքում է հնարավոր ստանալ առողջ, անվտանգ և առատ բերք:

Նույն շարքից