Հասարակություն 

Երևանի կենդանաբանական այգում ամփոփվել է բուժական ձիավարության՝ հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ անցկացվող հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլն ամփոփվել է Երևանի կենդանաբանական այգում:

Դեռևս 2015 թվականի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկած միջոցառումների հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այսօր մայրաքաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երեխաների համար մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից մեկն էլ հիպոթերապիան է:
«Արդեն մի քանի տարի շարունակ Երևանի քաղաքապետարանն անում է հնարավորը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար, այդ թվում քաղաքաշինական ծրագրերից մինչև մշակութային միջոցառումներ: Կարևորելով այս ծրագիրը ևս, պետք է նշեմ, որ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ մենք անցկացնում ենք նաև մանկական ուղեղային կաթվածով երեխաներ խնամող միայնակ մայրերի ընտանիքների համար մի շարք վերականգնողական ծրագրեր, այդ թվում ինչպես հիպոթերապիա, այնպես էլ հիդրոթերապիա և արտթերապիա»,- նշել է Սամվել Մերթարջյանը՝ համոզմունք հայտնելով որ մասնավոր կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը կլինեն շարունակական:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ներկայացնելով հիպոթերապիան, նշել է, որ այս տարի ծրագիրը մեկնարկել էր հոկտեմբերին, նաև նկատել, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ հիպոթերապիայով զբաղվելու օրերը դարձել են շաբաթական 3 անգամ, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն են ունեցել ինչպես նախորդ տարվա շահառուները, այնպես էլ նոր գրանցված երեխաներ: Արդյունքում ավելացել է նաև մասնակից երեխաների թիվը՝ հասնելով շուրջ 80-ի:
«Բուժական ֆիզկուլտուրայի այս տեսակը կարևոր է, նաև շատ հետաքրքիր: Երեխան հաճույքով միանում է իր իսկ առողջության վերականգնման գործընթացին՝ այն ընկալելով որպես ոչ թե միջամտություն, այլ՝ խաղ: Կարծում եմ, որ մարդ-բնություն կապն ապահովող ծրագիրը հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է թողնում նաև ծնողների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ մեր համագործակցության շնորհիվ նման ծրագիր է իրականացվում», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ամփոփիչ միջոցառման շրջանակում ևս երեխաները հնարավորություն են ունեցել այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու և մասնակցելու հատուկ վարժանքների:
Ծնողները, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպման համար, նշել են, որ հիպոթերապիայի արդյունքները տեսանելի են եղել յուրաքանչյուր պարապմունքից հետո:
Երեխաները մասնակից են դարձել նաև նախատոնական ուրախ միջոցառման, ստացել տոնական նվերներ:

Նույն շարքից