Գլխավոր Քաղաքականություն 

Թրամփը տնտեսական հետաքրքրություններ ունի Թուրքիայում և Ադրբեջանում. Ադամ Շիֆ

analitik.am

Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած, Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանն ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: ... Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»

Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն, ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:

ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաև ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:

«Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են նաև, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում և փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»:

Սակայն կոնգրեսականը ունի մտահոգություններ՝ Հայաստանին և ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասում է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա:

«Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի և իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում և Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից