Ժամանակն է ստեղծել Հայկական հակազրպարտչական հանձնաժողով

Ժամանակն է ստեղծել Հայկական հակազրպարտչական հանձնաժողով

Թուրքական և ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիևայի՝ «Երևանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիևան «Թրենդ» գործակալության ռուսական ծառայության ղեկավարն է:

Ադրբեջանական հոդվածը լի է անիմաստ ու կեղծ պնդումներով: Հեղինակը, որը սահմանափակ գիտելիքներ ունի ամերիկյան քաղաքականության մասին, Փենս-Սարգսյան հեռախոսազրույցն անվանում է «աղետ»: Նա սխալմամբ պնդում է, որ Փենսը պարզապես պատասխանել է Սարգսյանի զանգին: Մինչդեռ, նորընտիր փոխնախագահ Փենսն ինքն է զանգահարել Սարգսյանին:

Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…

Ադրբեջանցի լրագրողը շարունակում է ավելի մեծ վիրպումներ թույլ տալ՝ պնդելով, որ Հիլարի Քլինթոնի պարտությունը «մեծ հիասթափություն էր Երևանի համար: Հայտնի է, որ Քլինթոնը բավականին սերտ կապեր էր պահպանում Միացյալ Նահանգներում խոշոր հայկական Սփյուռքի հետ»: Էլմիրան շատ բան չգիտի ոչ Հայաստանի, ոչ էլ Սփյուռքի մասին: Հակառակ նրա կեղծ պնդումների՝ հայերի մեծ մասը չի աջակցել Քլինթոնին…

Թարիվերդիևան նաև պնդում է, որ Երևանը հիասթափված է, որովհետև Թրամփն ավելի շատ ծանոթ է Ադրբեջանին՝ նկատի ունենալով այդ երկրում նրա ներդրումները: Իմ կարծիքով, շատ վաղ է նման հավակնոտ և ինքնանպատակ ենթադրություններ անել: Ընդհակառակը, Թրամփը բազմաթիվ պատճառներ ունի ավելի կոշտ լինելու Ադրբեջանի հետ՝ բռնապետական ​​ռեժիմի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում բազմաթիվ ադրբեջանցիների մասնակցության պատճառով: Զավեշտալի է պնդել, որ Թրամփն ավելի բարեհաճ կլինի Ադրբեջանի նկատմամբ 323 150 դոլար արտոնավճարի պատճառով, որը նա ստանում է իր սեփականությունը չհանդիսացող Բաքվի «Թրամփ թաուերից»…

Մեկ այլ, ավելի լկտի հոդված էր գրել Ալեքսանդր Մուրինսոնը, որը ոչ ադրբեջանցի է, ոչ էլ թուրք, սակայն որոշակի կասկածելի պատճառներով, տարիների ընթացքում գրել է մի շարք հակահայկական ճամարտակություններ տարբեր հրապարակումներում: Մուրինսոնն իր «Լինկեդին» էջում այսպես է ներկայացնում ինքնիրեն. «Այժմ փնտրում եմ նոր [աշխատանք] հնարավորություններ…. Ադրբեջանա-թուրք-իսրայելյան համագործակցության փորձագետ…. Համարվում եմ Ադրբեջանի հրեաների առաջատար փորձագետ»: Մուրինսոնը աշխատում է Վաշինգտոնի անհայտ «BAU (Bahcheshehir) միջազգային համալսարանի» ֆակուլտետում, որը վերջերս հիմնադրվել է թուրք միլիարդատեր Էնվեր Յուչելի կողմից:

Նոր աշխատանք գտնելու և իր «Հայկական լոբբիի թույլ կապերը նորընտիր նախագահ Թրամփի հետ» վերնագրով հոդվածը հրապարակելու համար, Մուրինսոնը փորձում է հաճոյանալ աջակողմյան The American Spectator կայքին կեղծ պնդումներով, որ հայերը դեմ են Թրամփին, հետևաբար հակապահպանողական են:

Ես ծրագրել էի հերքել Մուրինսոնի հայտարարությունները կետ առ կետ, սակայն որոշեցի թողնել, որ ինքն իր բառերեով բացահայտի իր կեղծ դատողությունները: Ահա նրա անիմաստ մտքի «գոհարներից» մի քանիսը.

– Ամերիկյան «հայկական լոբբիի օրակարգը մեծապես հակասում է ԱՄՆ ազգային շահերին և, որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն շահերին…. »:

–  «Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային և անփոխարինելոի դաշնակիցն է Մերձավոր Արևելքում…. »:

– «ԱՄՆ հայկական լոբբիի խոր մտահոգության և հիասթափության հիմքում կարող է լինել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Տարածաշրջանի դիտորդների համար գաղտնիք չէ ամերիկահայ ակտիվիստների կողմից Թրամփի դեմ ուղղված կեղտոտ քարոզարշավը: Առցանց քարոզարշավում հպարտությամբ հայտարարվում էր, որ հայ աստղեր Շերը և Քիմ Քարդաշյանը անում են «հնարավոր ամեն ինչ» ընդդեմ Թրամփի, իսկ հայամետ հռչակավոր Ամալ Քլունին, որի հաճախորդների տարօրինակ ցուցակում ընդգրկված են եղել Հայաստանի կառավարությունը և Ջուլիան Ասանժը, ղեկավարել է Թրամփի դեմ ուղղված նախաձեռնությունները իր ամուսնու՝ Ջորջի հետ միասին»:

– «Թվում է, որ հայերի մտահոգության պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփը պարտական չէ Վաշինգտոնին բնորոշ հատուկ շահեր ունեցող խմբերի ցանցին: Նա կարող է տարածաշրջանում իրականացնել ավելի խորաթափանց մոտեցում՝ ելնելով ոչ թե որոշակի լոբբիի, այլ Ամերիկայի ազգային շահերից: Նա նույնիսկ կարող է սթափ հայացք նետել ԱՄՆ-ում հայկական քաղաքական ուռճացված ազդեցության վրա և նկատել նրա ավելի ու ավելի ակնհայտ անպատեհությունը»:

– «Հաջորդ պետքարտուղարը պետք է տարբերվի Մասաչուսեթսի երբեմնի հայամետ սենատոր Ջոն Քերիից, որն աջակցում էր իր հայ բարեկամներին …»:

Հաշվի առնելով նման անվերջ հարձակումները, ամերիկահայ քաղաքական կազմակերպությունները պետք է վճռականորեն հակազդեն նենգ ու զրպարտչական բոլոր հոդվածներին՝ գրված Էլմիրա Թարիվերդիևայի և Ալեքսանդր Մուրինսոնի նմանների կողմից: Ժամանակն է ստեղծել Հայկական հակազրպարտչական հանձնաժողով…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի