Հասարակություն 

Պատահականություն է արդյո՞ք, որ ՎՏԲ բանկը ներել է Տիգրան Ուրիխանյանի 90 միլիոն դրամի վարկը

analitik.am

Այսօր՝  հունվարի 13-ին, Փաստարկ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ Հովհաննիսյանի գործի դեպքում մենք գործ ունենք ազատ մամուլի գործունեության խոչընդոտման  հետ, քանի որ Analitik.am-ը լրատվական կայք է. «Ցանկանում եմ հիշեցնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի այն միտքը, որ որևէ լրագրող չի հետապնդվի և այլն: Սակայն այսօր ես ունեմ փաստ, որ իմ պաշտպանյալը հետապնդվում է ապօրինի: Գործի ընթացքը ցույց տվեց, որ սա զուտ քրեական գործ չէ, և նպատակ կա լռեցնելու այն լրատվամիջոցին, որը համարձակություն է ունեցել խոսելու ռուսական ՎՏԲ բանկի գործունեության և այդ բանկում ադրբեջանական կապիտալի առկայության մասին»:

Պարոն Սիմոնյանը նշեց, որ սկզբնական շրջանում Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ենթադրյալ շորթման համար, իսկ ավելի ուշ նոր մեղադրանք է առաջադրվել արդեն Կարեն Բաբակեխյանին շորթելու վերաբերյալ. «Քննության հետագա ընթացքում Բաբակեխյանի դրվագը կարճվեց և ինչ-որ տեղից եկավ ՎՏԲ բանկի դրվագ՝ իբր Անի Հովհաննիսյանը քողարկված նպատակ է ունեցել շորթելու այդ բանկին: Այս մասով հիմքն այն է, որ կայքի գովազդային բաժնի աշխատողը զանգահարել է բանկին և առաջարկել գովազդ: Անիի հետ կապ չունեցող անձինք, ուղղակի ցուցմունք են տվել, որ հնարավոր է վերջինս շորթում կատարելու մտադրություն է ունեցել: Սակայն պետք է ասեմ, որ կայքի գովազդային գործակալը նման առաջարկով զանգահարել է ոչ միայն վերոնշյալ բանկին, այլ նաև այլ բանկերի և կազմակերպությունների»:

«Եթե վերադառնանք Ուրիխանյանի դրվագին, ապա պետք է ասել, որ հենց նա է Անալիտիկ լրատվականի հետ համագործակցելու ցանկություն հայտնել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ուրիխանյանի այն ելույթներին, որոնք վերաբերել են ՎՏԲ բանկին: Հանդիպում է տեղի ունեցել, Ուրիխանյանը հայտնել է, որ Ազգային ժողովում խոսելու է ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի մասին: Խոսվել է նաև Analitik.am-ի հետ պայմանագիր կնքելու մասին»,- ասաց Սիմոնյանը:

 Դատապաշտպանը նաև խոսեց shame.am կայքում հրապարակված այն տեղեկությանը, որ ՎՏԲ բանկը ներել է Տիգրան Ուրիխանյանի 90 միլիոն դրամի վարկը. «Մի՞թե սա պատահականություն է: Երբ ես իմացա այս մասին, նախաքննական մարմնին իմ կողմից միջնորդություն եղավ՝ պարզելու արդյո՞ք այդ 90 միլիոն դրամի վարկը ներելու մասին տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, իսկ եթե իրական է, ապա ինչո՞ւ է արվել: Նախաքննական մարմինը մերժեց միջնորդությունը: Հույս ունեմ, որ դատաքննության ընթացքում հարցերի միջոցով կկարողանանք պարզել՝ թե ինչու է ներվել այդ վարկը: Արդյո՞ք դա չի արվել այն բանի համար, որ Որիխանյանը ՎՏԲ բանկի կողմից օգտագործվել է Անի Հովհաննիսյանի դեմ կեղծ մեղադրանքներ ստեղծելու առումով: Հավելեմ նաև, որ Տիգրան Ուրիխանյանն իր ցուցմունքներում չի նշում, թե պահանջ կամ սպառնալիք է եղել: Ուղղակի նշվում է, որ տարաբնույթ ձևակերպումներով իրենից գումար են պահանջել: Իսկ այն հարցին, թե ինչ ասել է «տարաբնույթ ձևակերպում», ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Ուրիխանյանը պատասխան չեն տալիս»:

Հովհաննիսյանի փաստաբանը ևս մեկ հատկանշական հանգամանքի մասին խոսեց: Խոսքն այս դեպքում վերաբերում է նրան, որ Անիի դեմ ցուցմունք տվողների մեծամասնությունը նախկինում դատապարտված անձինք են. «Նրանցից մեկը՝ Ուրիխանյանի կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանն է, ով դատապարտվել է խարդախություն կատարելու համար: Դատավճիռն օրինական ուժ է ստացել, սակայն նա, կարծես թե, ազատության մեջ է»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե գործում ինչ ներգրավվածություն ունի Վանոյի Արտակը, դատապաշտպանն ասաց, որ այս պահի դրությամբ Անիի դրվագով Վանոյի Արտակի ներգրավվածության վերաբերյալ որևիցե բան չկա, դա առանձին գործ է, որն ուղարկվել է դատարան. «Եթե սկզբնական շրջանում խոսվում էր այն մասին, իբր Վանոյի Արտակն  Analitik.am կայքի հետ ինչ-որ կապ է ունեցել, ապա ավելի ուշ դա հերքվեց: Դրա համար էլ Վանոյի Արտակի գործն առանձնացվեց»: Հավելենք, որ Անի Հովհաննիսյանի գործն ուղարկվել է դատարան, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Նույն շարքից