Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկել որպես մեծ համալսարան

Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկել որպես մեծ համալսարան

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  «Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից: Ֆինանսավորման գործող մեխանիզմն այսօր հնարավորություն չի տալիս բուհական համակարգի զարգացմանը, ու թեպետ մեր կրթական համակարգը ինտեգրվել է եվրոպական համակարգին, այդուհանդերձ կառավարման տեսանկյունից` մնացել ենք խորհրդային մտածողությամբ: Այսօր մենք պարտավոր ենք ֆինանսավորման քաղաքականությունն այնպես մշակել, որպեսզի այն նպաստի բուհական համակարգի հեռանկարային զարգացմանը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա դիտարկմամբ` բուհերի կառավարման համակարգում առկա լուրջ խնդիրները քննարկելիս է առաջացել անձեռմխելի ֆոնդերի ստեղծման գաղափարը: «Բուհերի կառավարման տեսանկյունից, մեր երկրի փոքր լինելու հանգամանքը պետք է ծառայեցնենք` ի շահ բարձրագույն կրթության համակարգի զարգացման: Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական կլաստեր, ուսանողական տարածք կամ մեծ համալսարան` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգ, ֆինանսական քաղաքականություն, որի նպատակն է բուհական համակարգի զարգացումը` ուսանողների ազատ շարժունությամբ, համալսարանների նյութական ռեսուրսների մատչելիությամբ»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման և գործառնության միջազգային ու տեղական փորձը, ինչպես նաև կիրարկման համար իրավական հիմքերը և բուհերի հնարավորությունները: Նշվել է, որ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը հանդիսանում է բուհի սեփականությունը: Այն ձևավորվում և համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաև ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի ֆոնդին փոխանցման արդյունքում: Ֆոնդի ձևավորման նպատակը բուհի կանոնադրական նպատակների իրականացման և կայուն զարգացման ապահովումն է: Ֆոնդի եկամտից ձևավորված տարեկան մասհանումները նպատակ ունեն հոգալ հաստատության կամ դրա առանձին ծրագրի ծախսերը: Մասհանումները կարող են օգտագործվել կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, արվեստի, բնապահպանության ոլորտներում` բուհի կամ ֆոնդի կողմից սահմանված սոցիալական, ֆինանսական, նյութատեխնիկական աջակցության և զարգացման այլ նպատակներով: Մասնավորապես, տեղաբաշխման ուղղություներ կարող են հանդիսանալ` գիտաշխատողների  դրամաշնորհային աջակցություն, գիտական ծրագրերի ֆինանսավորում, անվանական կրթաթոշակների հաստատում, օժտված ուսանողների ուսման նպատակային ֆինանսավորում, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի վարձատրության աջակցություն, հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար արդիական սարքավորումների ձեռքբերում, բուհի նյութատեխնիկական զարգացման աջակցություն, բուհի մշակութային ծրագրերի աջակցություն, գրադարանային ֆոնդերի զարգացման աջակցություն և այլն: Ֆոնդի տարեկան մասհանումները պետք է չգերազանցեն ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամուտները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ուսումնասիրության արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը կմշակի  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները՝ քննարկելով ուղղակի շահառուների (բուհեր, բանկեր) հետ և դրանք կներկայացնի ԿԳ նախարարության քննարկմանը: Նախարարությունն էլ իր հերթին կապահովի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի (ներառելով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը) ներկայացումը ՀՀ կառավարություն:
Նշենք, որ աշխատանքային խումբը պետք է  ուսումնասիրի նաև ուսանողների կրթաթոշակների և ֆինանսական աջակցության մոդելները ու նոր սկզբունքների հնարավոր տարբերակները` ներկայիս ֆինանսավորման մեխանիզմների վերանայմամբ (ուսանողական նպաստ, կրթաթոշակ, ընդունելության մեխանիզմներ) և դրանց վերաբերյալ ԿԳ նախարարություն ներկայացնի առաջարկություններ՝ անհրաժեշտ իրավական հիմքերով: