Գլխավոր Հասարակություն 

Տիգրան Ուրիխանյանին իր դաշինքում ընդգրկելով՝ Գագիկ Ծառուկյանը իր տակ ռումբ դրեց. Արտյոմ Խաչատրյան

analitik.am

Տիգրան Ուրիխանյանին «Ծառուկյան դաշինքի» ցուցակի տասնյակում ընդգրկելով՝ Գագիկ Ծառուկյանն իր տակ ռումբ է դրել, ինչը լի է վատ հետևանքներով: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցի ժամանակ հայտարեց shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, մի քանի օր առաջ կուսակցություններն ու ձևավորված դաշինքները հրապարակեցին իրենց ցուցակների առաջին 10 համարների անունները: Ինչպես գիտեք, «Ծառուկյան դաշինքի» ցուցակի առաջին տասնյակում հայտնվել է նաև Տիգրան Ուրիխանյանը: Ի՞նչ կասեք այս մասով:

-Կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները Հայաստանի Հանրապետության հայելային արտացոլանքն են: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում կան խելացի, գրագետ, լավ, վատ, լկտի, խուժան, հանցագործ, անբարյացկամ մարդիկ, այնպես էլ այդ ցուցակներում կան նման մարդկանց անուններ:

Ինչ վերաբերում է մասնավորապես «Ծառուկյան դաշինքում» Տիգրան Ուրիխանյանի 7-րդ համարը լինելուն, ապա ասեմ, որ դրանով Գագիկ Ծառուկյանն իր տակը ռումբ դրեց, որը վատ հետևանքներ է ունենալու: Սակայն այս անգամ Ուրիխանյանի պատգամավոր դառնալը Ծառուկյանի բարի կամքի դրսևորում չէ, սա ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի խնդրանքն է, որը Ծառուկյանը չի կարողացել մերժել: Ես կարող եմ ասել, որ Տիգրան Ուրիխանյանի «քաղաքական պապան» ռուս դեսպանն է:

-Այսինքն, Գագիկ Ծառուկյանը կատարել է ՌԴ դեսպանի խնդրանքը՝ լավ հասկանալով, որ վտանգում է իր վարկանի՞շը:

-Միգուցե Ծառուկյանը դեռ չի պատկերացնում, թե դա ինչպես է ազդելու իր վարկանիշի վրա: Նա դա կտեսնի այն ժամանակ, երբ նախընտրական արշավի ժամանակ մի քանի քրեական գործերի շրջանակներում Ուրիխանյանի գործերը կսկսեն լրջանալ: Բայց ես պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը տարբեր մարդիկ են՝ բացարձակ տարբեր դաստիարակությամբ և աշխարհընկալմամբ:  Օրինակ, Ծառուկյանին ինչ էլ ասեն, ինչ էլ գրեն, որքան էլ քննադատեն նրա քաղաքականության մեջ լինելը, փաստը մնում է փաստ, որ այդ մարդը նորմալ հայ տղամարդ է` ավանդապաշտ բոլոր առումներով: Եվ նրա կարգի մարդկանց համար սարսափելի խորթ է սրան-նրան ձայնագրելը, գաղտնի նկարահանելը, հետո այդ ամեն ինչը մամուլին ուղարկելը:

-Չնայած Գագիկ Ծառուկյանի և Տիգրան Ուրիխանյանի տարբեր լինելուն՝ Դուք ամեն դեպքում վստահ եք, որ սա ազդելու է Ծառուկյանի վարկանիշի վրա:

-Ի՞նչ եք կարծում, եթե Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի Ուրիխանյանին, դա կազդի՞ «Ծառուկյան դաշինքի» վրա, թե՝ ոչ:

-Կարծում եմ, չի կարելի բացառել, որ այդ ամեն ինչը կարող է լինել ընտրութուններից հետո:

-Ես դա չեմ բացառում, քանի որ քարոզարշավը սկսելուց հետո ԱԺ նիստեր տեղի չեն ունենալու: Փորձն է ցույց տալիս, որ քարոզարշավի ժամանակ քվորում չի ապահովվում:

-Տեսեք, Դուք խոսեցիք Տիգրան Ուրիխանյանի հովանավորի մասին, ինչո՞ւ նույն մարդը չի կարող պաշտպանել վերջինիս, երբ դատախազությունը համապատասխան միջնորդությամբ մտնի ԱԺ:

-Ոչ, դա արդեն չափից դուրս կլինի: Մեկ բան է Ծառուկյանի հետ մի բաժակ կոնյակ խմելն ու մի բան խնդրելը, մեկ այլ բան է իշխանական մարմնին խնդրել կամ թելադրել: Ուրիխանյանն ի վերջո ՌԴ դեսպանի ոչ եղբայրն է, ոչ էլ տղան: Բացի դրանից, ես կարծում եմ, որ ՌԴ դեսպանը տեղյակ չէ, թե ինչ է անում Ուրիխանյանը: Յուրաքանչյուր տղամարդու համար նրա կերպարը պետք է զզվելի լինի: Դուք տեսեք, թե ինչ խայտառակություն է սպասվում Ուրիխանյանին: Գլխավոր դատախազությունից գնալու են խորհրդարան ու հայտնեն, որ նա մարմնավաճառ է ուղարկել ինչ-որ մեկի մոտ, ուղարկել է նաև օպերատոր, որպեսզի վերջինս նկարահանի այդ ամեն ինչը և տրամադրի մամուլին: Խայտառակ է լինելու: Եվս մեկ հանգամանքի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել: Մեր հոդվածներից մեկում մենք Ուրիխանյանին դրուժիննիկ էինք հռչակել՝ նկատի ունենալով այն, որ նա պատանի հասակում ստեղծել է ինչ-որ մի ՀԿ` իրավապահ մարմիններին օժանդակելու համար, այսինքն` սովետական ժամանակների դրուժինա: Այդ հոդվածի համար նա հայցադիմումով մտել է դատարան: Իսկ զավեշտն այն է, որ նա իսկապես դրուժիննիկ է` օժանդակում է իրավապահ մարմիններին, այսինքն, իր կեղտոտ գործեն այնպես է անում, որ նրանց էլ աշխատանք չի թողնում: Ավելացնեմ նաև, որ այսօրվա դրությամբ Ուրիխանյանն իմ դեմ ունի 15-16 հայց: Սա խոսում է արդեն լուրջ հոգեկան հիվանդության մասին, նորմալ մարդը մեկ անհատի դեմ այդքան հայցադիմում չի գրի:

-Պարոն Խաչատարյանը, Դուք խոսեցիք քրեական գործերի մասին: Հաշվի առնելով որ կա նախաքննության գաղտնիք՝ կարո՞ղ եք ասել, թե ինչ զարգացումներ կան Ձեր գործերում:

-Ես շատ բան չեմ կարող ասել այդ մասով, միայն կասեմ, որ զարգացումները մեր օգտին են:

Նույն շարքից