Ռազմական Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները միշտ կառուցել ենք մեր դաշնակից և գործընկեր երկրների համար բաց ձևաչափով

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությանը.

ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային շատ պետություններում դադարել են տոնել փետրվարի 23-ը: Հայաստանում այս տոնը նույնպես պետական չէ. Ազգային բանակի օրը նշում են հունվարի 28-ին: Այնուամենայնիվ, Հայաստանի բնակիչները ավանդաբար նշում են փետրվարի 23-ը, շնորհավորում են տղամարդկանց և ծաղիկներ դնում ռազմական հուշակոթողներին: Տոնի նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը և պատմել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, ինչպես նաև իր երկրի և իր ղեկավարած գերատեսչության առջև ծառացած մարտահրավերների մասին:

- Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ընդամենը մի քանի ամիս անց Դուք իրականացրել եք մի քանի կարևոր այցեր` Ռուսաստան, Հունաստան, Վրաստան և Իրան: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը շեշտը դնում է պաշտպանական ոլորտում հարաբերությունների խորացման վրա: Ինչպե՞ս է զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը հարևանների հետ:

Իմ նշանակման պահին հանրապետության նախագահի կողմից պաշտպանության նախարարության առջև դրված հիմնական առաջնահերթություններից մեկը ռազմա-դիվանագիտական կապերի խորացումն ու և զարգացումն էր: Իրոք, իմ պաշտոնավարման առաջին չորս ամիսների ընթացքում ես կատարել եմ չորս, կարծում եմ, Հայաստանի և հայկական պաշտպանական ոլորտի համար: շատ կարևոր այցեր:

Առաջին այցը, բնականաբար և օրինաչափորեն, Ռուսաստան էր: Դա պաշտոնական այցելություն էր, որի շրջանակներում ես այցելել եմ Դոնի Ռոստով, Հարավային ռազմական օկրուգ, որը պատասխանատու է նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի համար։ Ծանոթացել եմ հրամանատարության հետ, անցկացրել ենք մի շարք շատ կարևոր աշխատանքային քննարկումներ: Այնուհետեև մեկնել եմ Մոսկվա, որտեղ տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ պաշտպանության նախարարությունում և մի շարք պետական գերատեսչություններում, որոնք պատասխանատու են պաշտպանության և անվտանգության հարցերի համար:

Դրանից հետո ես այցելել եմ մի երկիր, որը մեր պետության զինված ուժերի ձևավորման ու ամրապնդման գործում ավանդաբար շատ կարևոր գործընկեր է. դա Հունաստանն է, որը անկախության առաջին օրերից աջակցում էր Հայաստանի բանակաշինության զարգացման գործընթացին:

- Ի՞նչու Հունաստան:

Դա պայմանավորված է մի շարք գործոններով, առաջին հերթին այն փաստով, որ Հունաստանն այն երկրներից է, որն ավանդաբար շատ մեծ հայկական համայնք ունի: Բացի այդ, իհարկե, կա ընդհանուր տարածաշրջանային սպառնալիքների և մարտահրավերների, ինչպես նաև ներկայիս զարգացումների հետ կապված ընկալում: Այնպես է ստացվել, որ հայկական բանակի բոլոր 25 տարիների գոյության ընթացքում Հունաստանը հանդես է եկել որպես առանցքային գործընկեր թե կադրերի պատրաստման, թե ռազմաքաղաքական երկխոսության առումներով: Այդ իսկ պատճառով ես շատ կարևոր համարեցի այցելել հենց այդ երկիրը:

Այնուհետև մեր երկու հարևաններ Վրաստանն ու Իրանը: Այս երկրների հետ մենք ունենք տարածքային անվտանգությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր: Կարծում եմ, որ այդ այցերը շատ կարևոր էին նախ այդ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարության հետ անձնական շփում հաստատելու առումով, և երկրորդ` այնպիսի հարցերի քննարկման առումով, ինչպիսին է այդ երկրների տարածքով տարանցումը: Այդ թվում նաև ռազմական բեռների, ինչը մեր անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչն է: Իրանում կայացել են հանդիպումներ տարբեր պետական գերատեսչություններում: Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք լիակատար փոխըմբռնում, որ մենք պետք է սերտորեն համագործակցենք տարածաշրջանային անվտանգության հարցերում:

Ըստ էության, նման այցերը շարունակվելու են: Բառացիորեն օրերս ես մասնակցել եմ Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ հանդիպել և բանակցություններ եմ վարել Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Էստոնիայի, Սինգապուրի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք իրենց գիտական և գործնական մշակումներով ներգրավված են պաշտպանական խնդիրների ապահովման գործընթացում։ Այնպես որ, պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական առանցքը կշարունակվի ընդլայնվել, կշարունակենք զարգացնել կապերը բոլոր երկրների և կազմակերպությունների հետ, որոնք այսպես թե այնպես ներգրավված են մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներում:

- Ադրբեջանը սրընթաց մեծացնում է իր ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ: Հայաստանը ի՞նչ պատասխան կարող է տալ այդ պետությունների միջև արդեն ուրվագծվող ռազմաքաղաքական դաշինքին:

Մենք ուղղակի և համաչափ արձագանքել չենք պատրաստվում, քանի որ գործընկերների ընտրությունը յուրաքանչյուրիս գործն է: Մենք ինքներս մեր գործընկերներին ընտրում ենք մեր արժեհամակարգից, արտաքին քաղաքականության հայեցակարգից և ազգային անվտանգության ռազմավարությնից ելնելով, և համարում ենք, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական ոլորտ դերակատարների ներգրավման հարցում մասնավորապես միշտ պետք է ելնել բոլոր նման շփումների փոխկապակցվածության ընկալումից: Շատ հեշտ է սասանել իրավիճակը` կնքելով մեկ-երկու արագ պայմանագիր կամ համաձայնագիր, չմտածելով, թե ինչպես դա կարող է անդրադառնալ տարածաշրջանի անվտանգության ընդհանուր համակարգի վրա:

Թուրքիան Հարավային Կովկասում իրեն դրսևորում է ծայրահեղ ապակառուցողական. նա շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է հերքել ակնհայտը` Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների վերակնագնմանն ուղղված իր իսկ միջազգային պարտավորությունից, որը ստանձնել էր 2010թ. Ցյուրիխում կնքված արձանագրություններով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կողմնակալ դիրքորոշման պատճառով Թուրքիան շարունակում է իրեն գործնականում մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից:

Այսինքն, ունենալով հարաբերությունների շատ լուրջ համակարգ Վրաստանի և եղբայրական հարաբերությյուններ Ադրբեջանի հետ, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բնորոշվում է որպես ՙՙմեկ ազգ, երկու պետությունՙՙ, նա իրականում շարունակում է մնալ տարածաշրջանային խաղից դուրս, որովհետեև անհնար է լինել տարածաշրջանային խաղացող Հարավային Կովկասում` փակ պահելով սահմանը և ունենալով զրոյական հարաբերություններ Հայաստանի հետ: Իմ կարծիքով՝ այս առումով Թուրքիան տարիներ ի վեր վարում է ծայրաստիճան անհեռատես քաղաքականություն` ամրապնդելով բոլոր մյուս դերակատարներին, որոնք ցանկանում են արդյունավետորեն ներգրավվել տարածաշրջանում, և Թուրքիայի ինքնամեկուսացման փաստը օգնում է նրանց այդպիսի որոշումներ կայացնելիս։

Այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ այն, ինչ անում է Թուրքիան և այն, ինչ ծրագրում է Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, ակնհայտորեն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ: Մեզ համար դա ակնհայտ է, ինչպես ակնհայտ է այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ գործընթացներում որպես հավանական միջնորդ կամ համակարգող ներկայանալու Թուրքիայի պարբերական փորձերը հեգնանքից բացի ոչինչ չեն կարող առաջացնել:

Կրկին անգամ, ցանկացած երկիր ինքն է ընտրում իր գործընկերներին՝ լինի դա Թուրքիան, թե Պակիստանը: Բայց ես կարծում եմ՝ ժամանակը ցույց է տվել և շարունակում է ցույց տալ, որ միայն ընհանուր արժեհամակարգի և հայեցակարգային մոտեցումների հիման վրա կառուցված երկկողմ և բազմակողմ հարաբերությունները կարող են ունենալ այն արդյունքը, որին նրանք, ըստ էության, պետք է ուղղված լինեն, այն է՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմումը:

Իսրայելը, կարծում եմ, լուծում է իր սեփական, շատ լուրջ անվտանգության խնդիրները, և ներգրավվումը տարածաշրջանում, ըստ երևույթին, բխում է այդ երկրի շահերից: Դա, բնականաբար, Իսրայելի և Ադրբեջանի գործն է:

-Այսինքն, Իսրայելը չի՞ վարում այդպիսի ապակառուցողական քաղաքականություն, Դուք դա՞ ի նկատի ունեք։

Ինչպե՞ս կարող եմ համարել, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը և այնպիսի զենքի փորձարկումը, ինչպիսին են դրոն-կամիկաձեները, բացասական ազդեցություն չեն գործում տարածաշրջանի իրադրության վրա: Սակայն ես չեմ համարում, որ մենք պետք է անենք զգացմունքային եզրահանգումներ կամ շուտափույթ եզրակացություններ: Կարծում եմ, որ Իսրայելի շահերն այս ամենում շատ հասկանալի են: Ժամանակը ցույց կտա, թե որքանով է այս ամենը պետք Ադրբեջանին: Իրենց որոշելիքն է:

- Շատ փորձագետներ մտավախություններն են հայտում, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժի աճը վաղ թեուշ կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է բարձր դրա հավանականություննայսօր:

Չեխովին ոչ-ոք չի չեղարկել: Եթե առաջին գործողությունում բեմի վրա հրացան կա, ապա երկրորդում այն, ամենայն հավանականությամբ, կկրակի, բայց իրական վտանգը ոչ թե զենքի քանակի կամ տեսակի մեջ է, այլ այդ զենքի կառավարման համակարգի: Կայունությունը և խաղաղությունը ցանկացած տարածաշրջանում հնարավոր է ապահովել միայն իշխանության ժողովրդավարական հաստատությունների լուրջ համակարգով: Ես գտնում եմ, որ Հարավային Կովկասի համար հիմնական սպառնալիքը մնում է Ադրբեջանում գոյություն ունեցող կառավարման ռեժիմը, որը լիովին զուրկ է զինված ուժերի վերահսկողության ժողովրդավարական ձևերից, և այդ պարագայում ամենևին կարևոր չէ, թե որքան և ինչ տեսակի սպառազինություն կա այնտեղ: Ավելի կարևորն այն է, որ, ինչպես հաճախ տեղի է ունենում նման պետությունների պատմության մեջ, ինչ-որ կերպ կգտնվի այն ուժը, որի համար այդ զենքի կիրառումը կդառնա այն գործիքը, ինչը կապահովի այդ երկրում որոշումներ կայացնելու վրա իրենց սեփական ազդեցությունը:

Դրանք կարող են լինել ներքաղաքական կամ ներպետական և առհասարակ՝ ցանկացած զարգացումներ: Բռնապետությունը երբեք ապահովագրված չէ այն սպառնալիքներից, որոնք մենք հատկապես վերջին տասնամյակներում հստակ տեսնում ենք նմանատիպ երկրների օրինակներով: Չնայած, ակնհայտ է, որ զենքի առկայության սահմանափակումը կարող էր դառնալ կարևոր գործոն լարվածության ներուժը զսպելու կամ կառավարելու հարցում:

-Այսինքն, իրադարձությունների բացասական զարգացման հավանականությունը բարձր է՞:

Ես դա կապում եմ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների բացակայության հետ, քանի որ 21-րդ դարում կառավարման արդյունավետությունը երևի թե անվտանգության համակարգի ամենակարևոր գործոնն է:

Կարծում եմ՝ ավելի ճիշտ է օգտագործել ոչ թե “բարձր”, այլ “դժվար կառավարելի” բնորոշումը, քանի որ ժողովրդավարական վերահսկողության բացակայությունը բարձրացնում է հնարավոր ռազմական գործողությունների ռիսկերը:

-Դուք ասում եք, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, այսինքն, Ձեր գնահատմամբ, Հայաստանի կամ չճանաչվածՂարաբաղի զինված ուժերի ղեկավարման և պատրաստվածության որակը շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանու՞մ:

Ես արդեն ասել եմ, որ Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության համակարգը, և ընդհանրապես՝ ժողովրդավարական վերահսկողության համակարգն անհամեմատ ավելի ուժեղ է, քան Ադրբեջանում: Սակայն եթե անդրադառնանք Ձեր հարցին, ապա իրավիճակը հետևյալն է. կառավարման համակարգի որակը Հայաստանում շատ բարձր է, Հայաստանի զինված ուժերի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են զինված ուժերի կառավարման համակարգի մեջ, անցել են շատ լուրջ մարտական ուղի, ունեն ակադեմիական ռազմական կրթություն, և ես վստահ եմ, որ տարածաշրջանը ճանաչող փորձագետների համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստվածության աստիճանը նկատելիորեն գերազանցում է ‹‹մարտունակ›› պարզունակ բնորոշումը: Այսինքն, զինված ուժերը պատրաստ են ավելիին, քան ուղղակի մարտունակության նիշն է: Սակայն ավելի լայն համատեքստում, ընդհանրապես, ճիշտ եք, մենք գտնում ենք, որ պաշտպանության կազմակերպման գործում շատ ավելի կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին: Եվ դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինության գնման համակարգին, գործընկերների որոնման արդյունավետությանը և այնպիսի զինատեսակների ներդրմանը, որոնք հնարավորություն ունեն համարժեք արձագանքել առկա վտանգներին և սպառնալիքներին:

Երևանում հաճախ են դժգոհում ՀԱՊԿ-ի դիրքորոշմից այն իրավիճակներում, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանինտեղի են ունենում միջադեպեր: Շատերը դա Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի որոշ անդամների սերտ հարաբերությունների արդյունքն են համարում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այդ հարցում:

Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից: Այդ դիրքորոշումը հստակ արտահայտված է ՀԱՊԿ-ի Երևանյան գագաթնաժողովին ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ: Այդ դիրքորոշումը շատ հստակ հնչեցվել է ՀԱՊԿ-ի այսօր արդեն պաշտոնաթող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից: Այդ դիրքորոշումը բազմիցս քննարկվել է պետությունների ղեկավարների գագաթնաժողովների, պաշտպանության, ԱԳ նախարարների խորհուրդների ժամանակ: Դուք, հավանաբար, նկատի ունեք ՀԱՊԿ-ի որոշ անդամների դիրքորոշումները երկկողմ հարաբերություններում կամ նրանց նախապատվությունները և քվեարկությունները այլ միջազգային կազմակերպություններում: Այստեղ իրոք կան մի շարք հարցեր, որոնք շատ է անհանգստացնում մեզ և մեր հասարակությանը: Դրանց մասին մենք բաց խոսում ենք ինչպես մեր ՀԱՊԿ-ի գործընկերների հետ, այնպես էլ մեր հասարակության ներսում:

Մենք կարծում ենք, որ դա այն նույն տրամաբանության շարունակությունն է, որ թե ռազմական քաղաքականությունը, թե արտաքին քաղաքականությունը միշտ պետք է կառուցված լինեն արժեքային համակարգի և գերակայությունների հիման վրա, եւ մենք իսկապես գտնում ենք, որ այլ միջազգային կառույցներում արտաքին քաղաքականության խնդիրների վերաբերյալ չհամաձայնեցված դիրքորոշումները թուլացնում են մեր կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, քանի որ երրորդ երկրները շահում են դրանից, եւ դա սկզբունքորեն անընդունելի է մեր կազմակերպության արդյունավետ ապագայի համար:

Մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հայաստանը եղել և շարունակում է մնալ առաջատարներից մեկը այդ կազմակերպության բոլոր նախաձեռնություններում՝ լինի դա վարժանքների անցկացում, թե բազմակողմ գործողություններին կամ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում մասնակցության համար իր տարածքում ուժերի և միջոցների ձևավորում: Մենք համարում ենք, որ կազմակերպությունը ստեղծվել և հիմնվում է ՀԱՊԿ-ի տարածքի և նրա շուրջ ընդհանուր սպառնալիքների ընկալման վրա, և ոչ միայն մեզ անձամբ վերաբերող հարցերում, այլ նաև նույն Կենտրոնական Ասիայի մեր գործընկերներին վերաբերող հարցերում:

Հայաստանը բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն իրենց մտահոգությունների և առկա խնդիրների լուծման: Այդ իսկ պատճառով, մենք իրոք ակնկալում ենք, որ կազմակերպությունը պետք է շարունակի ամրապնդել իր կարողությունները, դառնալ ավելի արդյունավետ, և մենք տեսնում ենք այդ կազմակերպության ուժերի և միջոցների հետագա զարգացման շատ կարևոր հիմք հանդիսացող հայեցակարգային բաղադրիչը: Այդ իսկ պատճառով հպարտ ենք, որ ՀԱՊԿ-ում հենց Հայաստանի նախագահության ընթացքում հնարավոր եղավ համաձայնեցնել և հաստատել ՀԱՊԿ անվտանգության ռազմավարությունը:

- Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Ինչ եք կարծում, ի՞նչպիսին է նրա դերը տարածաշրջանում կայունության պահպանման մեջ: Նախատեսվու՞մ է արդյոք բազայի անձնակազմի ավելացում՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման շարունակական փորձերի հետ:

Մեր դիրքորոշումը 102-րդ ռազմակայանի նկատմամբ շատ հստակ ամրագրված է այն պայմանագրերում, որոնց վրա հիմնված է նրա ներկայությունը այստեղ, ինչպես նաև այն քաղաքական փաստի վրա, որ հայկական կողմն է եղել Հայաստանում ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգման նախաձեռնողը: Կարծում եմ՝ դա ռազմաքաղաքական ոլորտում մեր համագործակցության առավել կարևոր դրսևորումներից մեկն է, և մենք գտնում ենք, որ բազան շատ կարևոր զսպիչ գործոն է: Մենք գտնում ենք, որ նրա ներկայությունը Հայաստանում մեր երկրի անվտանգության համակարգի շատ կարևոր բաղադրիչն է:

Դուք տեղյակ եք, որ պայմանագրի երկարաձգումից հետո ռազմակայանը պատասխանատու է ոչ միայն նախկին ԽՍՀՄ ՙՙարտաքին սահմանի երկայնքովՙՙ անվտանգության, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության համար, և մենք հավատում ենք, որ Հայաստանում նրա ներկայության շրջանակներում փոխգործակցությունը բավականին արդյունավետ է ընթանում:

Ինչ վերաբերում է ռազմակայանում գտնվող անձնակազմի և սպառազինության տեսակների թվի աճին, ապա դա մարտավարության հարց է: Նման խնդիրները անհրաժեշտության դեպքում լուծվում են մի քանի ժամվա ընթացքում: Փառք Աստծո, դրա համար բոլոր ուժերն ու միջոցներն առկա են:

Անձնակազմի թվի աճը երբևէ չի կարող լինել ինքնանպատակ: Այն պետք է պատասխանատու լինի կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի համար:

- Իսկապես Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է «Իսկանդեր- M» համակարգ, թե՞ 2016թ. Երեւանում շքերթին ներկայացված համալիրը պատկանել է ՌԴ ԶՈՒ-ին: Եթե դա իսկապես եղել է մատակարարում, ապա ի՞նչ պայմաններով է Հայաստանը ստացել Իսկանդերները:

Այն, որ Իսկանդերները մատակարարվել են Հայաստան, ըստ իս, ակնհայտ է բոլորին, քանզի բոլորն էլ տեսել են սեփական աչքերով: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել բացարձակ վստահությամբ: Եվ այս հարցում երկրորդ կարծիք պարզապես լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած բոլոր հարցերին, թե երբ՞, ի՞նչ միջոցներով, վճարման ինչ ժամկետներով և այլն, ապա ինչպես հասկանում եք՝ այս ամենը դասակարգվում է ‹‹հույժ գաղտնի›› դասակարգմամբ:

Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ ես կարող եմ Ձեզ բացել գաղտնիության շղարշը:

  • Այսինքն, ՀՀ զինված ուժերի սպաները, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստու՞մ:

Միանշանակ:

  • Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանում տեղակայվել են ‹‹Նեբո-Մ›› ռադարային համալիրներ: Եթե այդպես է, ի՞նչ նպատակով է դա արվել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի չհաստատել կամ չհերքել ռազմավարական կամ տարաշրջանում ուժերի հարաբերակցությունը լրջորեն փոփոխող սպառազինության առկայությունը մեր երկրի տարածքում մինչ այն պահը, երբ մենք այն անհրաժեշտ կհամարենք: Այսինքն, ինչ որ մի պահի, երբ անհրաժեշտ լինի, ճիշտ այնպես, ինչպես և ՙՙԻսկանդերներիՙՙ պարագայում, կսկսենք տալ տեղեկատվություն զենքի այլ տեսակների վերաբերյալ ևս:

  • Կա արդյո՞ք որևէ որոշում, թե որ դեպքերում կարող են կիրառվել ‹‹Իսկանդերները››:

Ես կարող եմ ձեզ ներկայացնել ալգորիթմը: Այդ զինատեսակի նշանակությունը և հնարավորությունները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այն կարող է կիրառվել: Ըստ այդմ՝ ՙՙԻսկանդերներիՙՙ կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացման հետ: Ցանկացած դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Սակայն դա, առաջին հերթին, զսպման զենք է:

Լիովին ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր կարողություններով, դա այնպիսի զենք է, որը պետք է զովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով:

Ե՞րբ է նախատեսվում ավարտել Հայաստանին՝ պետական արտահանման վարկի շրջանակներում 200 մլն դոլարի հասնող սպառազինության մատակարարումը: Ի՞նչ ժամկետներում է Երևանը պատրաստվում մարել այդ վարկը և արդյո՞ք դիմել է Մոսկվային պաշտպանական կարիքների համար նոր վարկերի տրամադրման համար: Եթե այո, ապա կա՞ն արդյոք հստակ համաձայնագրեր և ինչպիսի այլ զինատեսակներ Երևանը կցանկանար ձեռք բերել Մոսկվայից:

Մենք շատ շնորհակալ ենք Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին այդպիսի վարկի տրամադրման համար: Մենք հասկանում ենք, որ նման որոշումները կապված են բյուջետային միջոցների բաշխման, պլանավորման հետ, սակայն մեզ համար կարևոր է, որ այդպիսի վարկ տրամադրվեց: Այն ամբողջովին օգտագործվում է այնպիսի ժամանակակից զինատեսակների գնման համար, որոնցով այսօր Ռուսաստանը իսկապես կարող է պարծենալ միջազգային շուկայում:

Վերջին տարիներին Ռուսաստանի ռազմատեխնիկական ներուժի առաջխաղացումը և դինամիկան առաջացնում են և խորը հարգանք, և այդ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու ցանկություն: Մենք գոհ ենք այդ վարկային ծրագրի միջոցով զենքի մատակարարման ընթացքից, ունենք հստակ համաձայնեցված ժամանակացույց, որն ամբողջությամբ կատարվում է, և մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել ռուսաստանյան կողմի հետ:

Մի շարք պայմանագրեր կատարվել են ժամանակից շուտ, որը ևս ուրախալի է: Ռուսաստանյան կողմի հետ մենք շարունակելու ենք երկխոսությունը՝ ռուսաստանյան շուկայից զենքի ձեռքբերման հնարավորության շուրջ: Ելնելով այն հանգամանքից, որ ՀԱՊԿ շրջանակում մենք այն ձեռք ենք բերում ռուսաստանյան բանակի ներքին շուկայական գներով և հաշվի առնելով արտոնյալ վարկերի առկայությունը, բնականաբար նման համագործակցության ներուժն ավելանում է, և մենք շահագրգռված ենք դրանում:

Ինչպե՞ս կբնութագրեիք պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը: Ըստ Ձեզ, ո՞ր ուղղությամբ այն պետք է զարգանա և կա՞ արդյոք որոշակի շտկումների անհրաժեշտություն:

Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպես ենք դիտարկում Ռուսաստանի հետ մեր ողջ համագործակցությունը և ռազմական կադրերի վերպատրաստման, և ռազմատեխնիկական բնագավառի, և ռազմաքաղաքական երկխոսության ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ դա անբաժանելի համալիր է: Մենք բաց ենք և պատրաստ անհրաժեշտության դեպքում նման երկխոսության հետագա խորացմանը:Պաշտպանության նախարարությունների, գլխավոր շտաբերի մակարդակով խորհրդակցությունները մշտական բնույթ են կրում:

Ուրախ եմ, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր հնարավորություն եմ ունեցել և Երևանում հանդիպել ՌԴ պաշտպանության նախարարին՝ վերջինիս ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցության շրջանակներում, և պաշտոնական այցով լինել Ռուսաստանում: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում մենք այստեղ ընդունել ենք ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը: Կարծում եմ՝ ինչքան շատ լինեն այցերը, այդքան ավելի լավ, քանի որ մեր համագործակցությունն իրականում նպատակաուղղված է մեր տարածաշրջանում մարտահրավերների և սպառնալիքների լիարժեք ուսումնասիրմանը, փոխադարձ շահերի ընկալմանը և դրանց հաշվառմամբ արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական ոլորտի հարաբերությունների կառուցմանը: Ինչքան շատ մենք իմանանք միմյանց շահերի մասին, ինչքան ավելի բաց լինի մեր երկխոսությունը՝ հնարավոր բարդությունների և սահմանափակումների ընկալման իմաստով, այնքանով ավելի արդյունավետ և հարմարավետ կլինի միմյանց հետ աշխատելը:

Համարում եմ, որ հարաբերությունների ներկայիս մակարդակը շատ բարձր է: Այն թեմաները, որոնք մենք այսօր քննարկում ենք մեր երկրների գիտական հաստատությունների ներուժի, արտադրական հզորությունների լիարժեք օգտագործման և զարգացման տեսանկյունից, բացում է հնարավոր փոխգործակցության լիովին նոր շերտ: Մենք ցանկանում ենք, որ այդ ամենը նյութականացվի հնարավորինս կարճ ժամկետներում և դրա համար աշխատելու ենք շատ ինտենսիվ:

Մեր պայմանագրաիրավական հիմքը ներառում է շուրջ 60 պայմանագիր: Դա հարցի միայն մի մասն է, քանի որ իրականում պայմանագրերը և համաձայնագրերը պետք են աշխատանքը հեշտացնելու համար: Մեզ հարմարավետ է աշխատել. հիմնական համաձայնագրերը, որոնք կարգավորում են մեր հարաբերությունները՝ շատ արդյունավետ են իրականացվում թե Հայաստանի պաշտպանական ոլորտի և Ռուսաստանի արտադրողների միջև շփումների առումով, թե պլանավորման, իրագործման և այլ հարցերում մեր համատեղ գործողությունների իրականացման առումով։ Մենք գոհ ենք դրանց աշխատանքից:

Երկխոսությունը հենց նրա համար է, որպեսզի լուծվեն ի հայտ եկող անհարթություններն ու բարդությունները: Հավատացեք, որ ես իսկապես չեմ կարող նշել որևէ ոլորտ, որտեղ մեր երկրների միջև պայմանագրաիրավական բազան չհամապատասխանի մեր կարիքներին և պահանջներին:

Հայաստանը և Ռուսաստանը ընդլայնել են զինվորական անձնակազմի վերապատրաստման համաձայնագիրը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Հայաստանի ավելի քան 200 զինծառայողներ կուսանեն Ռուսաստանի ռազմական բուհերում: Ի՞նչ է արվել գործնականում։

Իրականում այդ թիվը 200-ից մեծ է: Ներգրավված են տարբեր հաստատություններ՝ Գլխավոր շտաբի ակադեմիայից մինչև ամբողջ Ռուսաստանով մեկ սփռված մասնագիտացված կրթական հաստատություններ: Մենք իսկապես շնորհակալ ենք, որ մեր բազմաթիվ ապագա սպաներ ուսանում են Ռուսաստանի լավագույն ռազմական ուսումնական հաստատություններում: Դա փոխգործակցության շատ կարևոր ձև է:

Ես ինքս, Մոսկվայում գտնվելու ընթացքում, հանդիպեցի ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններում ուսանող մեր կուրսանտների հետ: Մենք շատ լավ, հետաքրքրիր զրույց ունեցանք իրենց ուսման ընթացքի վերաբերյալ: Նրանք ուրախ են, որ կարող են օգտվել այդ հնարավորությունից: Ես եղա Գլխավոր շտաբի ակադեմիայում, որտեղ պատիվ ունեցա ներկայացնելու մեր արտաքին քաղաքականությունն ու ռազմաքաղաքական մոտեցումները շատ ներկայանալի լսարանի: Այնտեղ ներկա էր մի քանի հարյուր մարդ, և մենք ուրախ ենք, որ նրանց թվում կան հայ սպաներ: Հատկապես հպարտանում ենք նրանով, որ մեր մեծ հայրենակիցը՝ մարշալ Բաղրամյանը եղել է այդ իսկապես էլիտար ռազմական ուսումնական հաստատության պետը:

Կարծում եմ, որ մենք պետք է մեծացնենք նման երկխոսությունը բոլոր մակարդակներում: Այդուհանդերձ նշեմ, որ մեր սպաներն ու ապագա սպաները ուսանում են նաև բազմաթիվ այլ երկրների ռազմական ուսումնական հաստատություններում: Մենք գտնում ենք, որ դա շատ կարևոր է ընդհանուր հասկացողության, միտումների ձևավորման տեսանկյունից, բայց իհարկե, Հայաստանից ուսանող կուրսանտների թվով անժխտելի առաջատարը Ռուսաստանն է:

Իսկ ի՞նչով է բացատրվում հայ զինվորականների` ՆԱՏՕ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելը: Այնտեղ ավելի լավ ե՞ն սովորեցնում:

Կարծում եմ, որ պետք է համեմատել կոնկրետ ուսումնական հաստատությունները: Ինչպես հասկանում եք` անհնար է Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին կրթել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի լավագույն կրթական հաստատությունում: Այսինքն, եթե համեմատենք, օրինակ, Գլխավոր շտաբի ակադեմիան մեկ այլ ԲՈՒՀ-ի հետ, դժվար կլինի համադրել:

Եթե համեմատենք այլ մակարդակներ, ապա յուրաքանչյուր դեպքում կարող են լինել կրթական համակարգի և դրական, և բացասական կողմեր: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր սպաներն ունենան լայն մտահորիզոն և պատկերացնեն պաշտպանության կազմակերպման խնդրի վերաբերյալ մոտեցումների ողջ սպեկտրը: Ուսուցումը տարբեր կրթական հաստատություններում, իհարկե, նպաստում է դրան, քանի որ այս պարագայում նրանք կարող են համադրել ու վերլուծել:

Այդուհանդերձ Ռուսաստանի և այլ երկրների կրթական հաստատություններում ուսանողների թիվը ոչ մի կերպ համեմատելի չէ: Մենք ունենք Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում սովորող կուրսանտներ: Հայաստանից տարեկան մոտ 35-40 հոգի ռազմական կրթություն են ստանում աշխարհի 10 երկրներում: Մենք իրապես շահագրգռված ենք ունենալու նման կապեր, որովհետև, ինչպես հասկանում եք, Հայաստանը ներգրավված է մի շարք միջազգային գործողություններում` այդ թվում նաև խաղաղապահ: Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ծրագիր:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղությամբ 121 հայ զինծառայող գտնվում է Աֆղանստանում, 35-ը` Կոսովոյում: Ի՞նչպես է զարգանում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, արդյո՞ք դրան չի խանգարում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Առաջին հերթին ցանկանում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը սկսվել է ճիշտ այն ժամանակ, երբ նրա հետ սկսեցին համագործակցել նախկին Խորհրդային Միության մյուս երկրները, այդ թվում՝ Ռուսաստան: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները միշտ կառուցել ենք մեր դաշնակից և գործընկեր երկրների համար բաց ձևաչափով: Մենք երբևիցե դա գաղտնի չենք պահել, և երբևէ այդ փոխգործակցությունն ուղղված չր եղել և չի էլ լինի Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների շահերի դեմ:

ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ի համաձայնությամբ մի շարք խաղաղապահ գործողություններ է իրականացնում: Հայաստանի համար կարևոր և օգտակար է ունենալ նման բազմազգ խաղաղապահ գործողությունների մասնակցության գիտելիք ու փորձ: Այն մի կողմից օգնում է մեզ ձևավորել մեր սեփական խաղաղապահ կարողությունները, ունենալ տարբեր իրական պայմաններում ռազմական հերթապահություն անցած զորախումբ, մյուս կողմից նպաստում է միջազգային խաղաղապահության համակարգի առավել լայն պատկերացմանն ու ընկալմանը՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները: Դրա համար կարծում եմ՝ այստեղ որևէ մեկի համար մեծ գաղտնիք կամ անակնկալ չպետք է լինի:

Բացի այդ, մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք Անհատական գործընկերության ծրագիր: Այդ ծրագիրն առաջին հերթին ուղղված է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողության համակարգի զարգացմանը, այն բաղադրիչի ամրապնդմանը, որը, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ շատ պետություններում, հենված է կառավարման խորհրդարանական համակարգի վրա: Մենք իրագործում ենք մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, և ես համոզված եմ, որ դա որևէ կերպ չի հակասում մեր դաշնակիցների շահերին:

Ադրբեջանի հետ 2016թ.-ի գարնանային սրացումը Լեռնային Ղարաբաղում ամենախոշորն էր 1994 թ.-ի պատերազմի ավարտից ի վեր: Ինչպիսի՞ն է այժմ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, և ինչպիսի՞ հետևություններ են արվել բանակի պատրաստվածության և ուսուցման առումով:

Ելույթ ունենալով Հայաստանի զինված ուժերի 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը` ես նշել եմ, որ ռազմական գործում ցանկացած դեպք, ցանկացած իրադարձություն, անգամ պլանային ռազմական վարժանքներն օգտագործվում են շտկումներ մտցնելու համար: Կատարվում են եզրահանգումներ, ուսումնասիրվում է փորձը, ուղղումներ են մտցվում: Առավել ևս՝ ռազմական գործողությունների ժամանակ:

Իհարկե, ուսումնասիրվում է ինչպես սեփական փորձն, այնպես էլ հակառակորդի գործողությունները: Դրանք դրվում են մեր պլանավորման և Հայաստանի զինված ուժերի զարգացմանն ուղղված ծրագրի հիմքում: Բայց չեմ կարծում, որ ապրիլյան դեպքերը ինչ-որ ձևով փոխել են տարածաշրջանում ուժերի և հնարավորությունների հարաբերակցության մասին մեր պատկերացումները, չնայած Ադրբեջանի մարտավարության և հնարավոր գործողությունների առումով, տվյալ դեպքում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, մտցվել են որոշ շտկումներ: Մենք դա հաշվի ենք առնում:

Ինչ վերաբերում է իրադրությանը սահմանին, ապա Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի ռեժիմը: Պարբերաբար օգտագործվում է դիպուկահար զենք, նռնականետեր և ականանետեր:

Այս ամենն իհարկե մտահոգում է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի տրամաբանությունը ենթադրում է, որ կարգավորումը հնարավոր կլինի միայն ամբողջական և խորը փոխըմբռնման և կողմերի փոխադարձ շահերը հաշվի առնելու պարագայում: Դա անհնար է վստահության բացակայության դեպքում, իսկ զինադադարի ցանկացած խախտում հանգեցնում է անվստահության մեծացմանը, կողմերի պաշտպանական բնազդների խորացմանը, ինչում մենք շահագրգռված չենք:

Մենք գտնում ենք, որ Ադրբեջանը պետք է ի կատար ածի ապրիլյան դեպքերից հետո Մինսկի խմբի համանախագահների և անձամբ ՌԴ նախագահի հովանու ներքո Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք ամենապարզ, հասկանալի և քաղաքական մեծ կամք չպահանջող վստահության ամրապնդման միջոցներն են, որոնք հնարավորություն կտային վերականգնելու խնդրի կարգավորմանն ուղղված արդյունավետ երկխոսությունը: Այսօր, ցավոք սրտի, մենք դա Ադրբեջանի կողմից չենք տեսնում:

Արդյո՞ք Հայաստանում բավարար է պետական հոգածությունը զինծառայողների նկատմամբ. նկատի ունեմ ֆինանսական ապահովվածությունը, սոցիալական երաշխիքները:

Պաշտպանության նախարարության գործը զինծառայողների հոգսերն ու կարիքները միշտ ուշադրության կիզեկետում պահելն է։ Կառավարության գործն ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարության այդ պահանջները մնացյալ գերատեսչությունների պահանջների հետ հավասարակշռելն է: Այդ իսկ պատճառով, որպես պաշտպանության նախարար ես պետք է ուղղակի Ձեզ ասեմ. մենք գտնում ենք, որ անելիքներ դեռ շատ ունենք, և շարունակելու ենք այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Հայաստանի զինված ուժերը պայմանագրային ծառայողների հնարավորությունների, երիտասարդների կողմից սպայի մասնագիտության ընտրության հնարավորության առումով այսօր հանդիսանում են մեր երկրի խոշորագույն և մրցունակ գործատուներից մեկը: Մենք ցանկանում ենք, որ այս մասնագիտությունն այսուհետ ավելի գրավիչ դառնա: Հետևաբար, այս ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկենք: Դրանք և սոցիալական պաշտպանության և բժշկական ապահովման հարցերն են:

Պետությունը ինտենսիվորեն իրագործում է այդ ծրագրերը և վերջին չորս ամիսներին մենք այդ ուղղությամբ առնվազն 3-4 շատ կարևոր քայլեր ենք արել: Դա, առաջին հերթին զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման վերաբերյալ օրենքի ընդունումն է՝ էականորեն բարձրացնելով հատկացումների չափը:

Նկատի ունեք ռազմական գործողություննե՞րը:

Դրանք և ռազմական, և հատուկ գործողություններն են:

Երկրորդ հերթին՝ դա նոր մոտեցումն է ռազմական կրթության հարցերի վերաբերյալ: Արդեն այս տարի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը տեղափոխում ենք Դիլիջանում գտնվող մի այնպիսի հիանալի բազա, որը կկարողանար տեղավորել համաշխարհային մակարդակի ցանկացած ուսումնական հաստատություն: Այնտեղ կրթություն կստանան այն երիտասարդները, ովքեր բարձր` տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ դասարաններում հետաքրքրված կլինեն ռազմական կարիերայով:

Առողջապահության նախարարության հետ սկսել ենք ռազմական հոսպիտալների և քաղաքացիական բուժհաստատությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց, այն նպատակով, որ ախտորոշման լավագույն միջոցները հասանելի լինեն հայկական բանակի զինվորներին ու սպաներին: Դրա հետ մեկտեղ բանակն իր հերթին սեփական ռազմաբժշկական կադրերով կկարողանա օգնություն ցուցաբերել Հայաստանի մարզերի քաղաքացիական բնակչությանը:

Այսինքն օպտիմալացո՞ւմ, կրճատումնե՞ր:

Օպտիմալացումը կրճատում չէ, այլ արդյունավետության բարձրացում, իսկ ես խոսում եմ օպտիմալացման մասին: Անվանումները շատ կարևոր են, որովհետև «կոնվերսիա» բառը դարձել է վիրավորական, չնայած դա կարևոր բառ է: Եթե ձեռնարկությունը, որն ունակ է հրթիռ արտադրել, արտադրում է եռուցիչ, դա, իհարկե, վատ է:

Օպտիմալացումը կրճատում չէ, մենք գնում ենք մեր ծախսերի օպտիմալացման ճանապարհով, բայց ոչ թե դրանց կրճատման, այլ տարբեր ուղղություններով դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման հաշվին: Եվ այն ամենն, ինչ կտնտեսենք մեր զինված ուժերի տարբեր ոլորտների զարգացման ծրագրերի շրջանակներում, առաջնահերթ կուղղվի սպառազինության, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի և մեր գործընկերների հետ ռազմատեխնիկական կապերի զարգացմանը:

Նույն շարքից