Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանը դարձել է Տիգրան Ուրիխանյանի քաղաքական խարդավանքների զոհը. Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Ես հետևում եմ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստերին և պետք է ասեմ, որ այս պատմության հենց սկզբից, երբ ծանոթ չէի գործի մանրամասներին և հեռակա կարծիքներ ունեի Անի Հովհաննիսյանի մասին, առավելապես հավատացել եմ հենց վերջինիս և այն բանին, որ նա խարդավանքների զոհ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, մեր թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Այժմ, երբ դատական նիստեր են տեղի ունենում և, այսպես ասած, գործ տվողը չի ներկայանում դատարան, վկայություն չի տալիս և խուսափում եմ մարդկանց աչքերին նայելուց, դա արդեն խոսում է ինչ-որ բանի մասին: Ես ցավում եմ, որ Անին ստիպված է այսպիսի փորձությամբ ապացուցել իր անմեղությունը և չեմ ցանկանում համեմատություն անել, բայց ասեմ, որ այդ նույն մարդը՝ Տիգրան Ուրիխանյանը, 4 հայց էլ ներկայացրել է իմ դեմ: Մենք պարզել ենք, որ այդ հարցում միայնակ չենք, և դատարաններում շուրջ 20 նման գործ կա: Այսինքն՝ այդ մարդը շուրջ 20 սուբյեկտի հետ խնդիրներ ունի: Հիմա ես հարց եմ տալիս՝ Անի՞ն խնդիր ունի, ե՞ս, թե՞ այդ մարդը»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ այս ամենը խոսում այն մասին, թե ինչպես է Տիգրան Ուրիխանյանն ապրում, ինչպես է քաղաքական կարիերա ապահովում. «Քանի որ զուգահեռ ընթանում են նաև իմ մասով դատական գործընթացները, ես ամեն անգամ ավելի ու ավելի եմ հասկանում, թե ինչ անարդարության և զրպարտության է բախվում Անի Հովհաննիսյանը: Զրպարտությունն ապրելակերպ է: Ինձ ևս այդ մարդը զրպարտել է: Նա ուղղակի դիմեց Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն՝ հայտարարելով, թե ես 4 միլիոնից ավելի գումար եմ յուրացրել: Դրանից հետո մեր կազմակերպությունում ստուգումներ սկսվեցին, ստուգվեց ամեն ինչ, և որևէ խախտում չհայտնաբերվեց: Չնայած սրան, նրանցից որևէ մեկը այդքան համարձակություն չունեցավ, որպեսզի ինձ զրպարտելու համար ներողություն խնդրի»:

 Սաֆարյանը նշեց, որ իր դեմ նաև արշավ էր սկսվել սոցկայքերում, ինչի համար ինքը դիմել է իրավապահներին, սակայն գործը կարճվել է, քանի որ համապատասխան գրառումներ անողները հայտարարել են, թե ուրիշ բան են նկատի ունեցել գրառումներ անելիս կամ այն, ինչ գրել են, վերաբերել է արտասահամանում ապրող ինչ-որ մեկին. «Սա այդ մարդկանց համարձակության աստիճանն է: Անին իմ գործի մասով բաց նամակ էր գրել ինձ՝ կոչ անելով չվախենալ, չնայած ես վախեցող մարդ չեմ և իմ կենսագրությունը խոսում է այդ մասին, հիմա ես հասկանում եմ, որ նա այս հարցում էլ էր ճիշտ: Այսինքն՝ այդ մարդիկ կարող են հանրության մեջ թպրտալ, սակայն ոստիկանական մարմիններում «ղազարգրեր» են ստորագրում»:

Քաղաքագետը նաև հիշեցրեց իր հասցեին ԱԺ-ում Տիգրան Ուրիխանյանի կողմից հնչեցրած վիրավորական արտահայտությունների մասին՝ նշելով, որ ինքը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով, սակայն խախտումներ են տեղի ունեցել և հիմա ինքը պատրաստվում է դիմել ԱԺ նախագահությանը. «Այդ հանձնաժողովը ղեկավարում է մի անձնավորություն, ով այսօր պատրաստվում է Ուրիխանյանի հետ նույն ցուցակում մասնակցել խորհրդարանական ընտրություններին և այդ մարդը գնացել է զեղծարարության: Մեկ ամիս շարունակ իմ ուղարկած նամակը թաքցվել է հանձնաժողովի բոլոր անդամներից: Ինձ ուղարկած գրություններում կեղծվել է նամակի ամսաթիվը, որպեսզի դրա տակից դուրս գան: Որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ ես նամակն ուղարկել եմ նոյեմբերին, սակայն այն ներկայացվել է որպես դեկտեմբերին ուղարկված: Նամակի օրը միտումնավոր են կեղծել այն բանից հետո, երբ ես մարդ ուղարկեցի, որպեսզի հասկանամ, թե ինչ ընթացք կա գործում: Բացի սրանից, կա ևս մեկ կեղծիք՝ լսել են հայտնի անձնավորության բացատրությունները, թե դատարանում հարց է քննարկվում և առաջարկը՝ գործը չքննել: Ասեմ, որ դատարանում քննարկվող հարցերը կապ չունեն վերոնշյալ ելույթի հետ: Հիմա ես պատրաստվում եմ բաց նամակով դիմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, դիմել հանձնաժողովի մյուս անդամներին, ներկայացնել այս մանիպուլյացիաները, Լյովա Խաչատրյանի շահերի բախումը և պահանջել Էթիկայի հանձնաժողովից դիտարկել ոչ միայն Տիգրան Ուրիխանյանի վարքագիծը, այլ նաև Լյովա Խաչատրյանի հարցը՝ որպես այս ամենի հովանավոր: Ազատություն Անի Հովհաննիսյանին … Ես հստակ կարող եմ ասել, որ Անին մի աղջիկ է, ով ոչ ճիշտ պահին հայտնվել է ոչ ճիշտ վայրում և դարձել է տվյալ անձնավորության քաղաքական խարդավանքների զոհը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նույն շարքից