Հասարակություն 

Շարունակվում է ՀՀ ԱԻՆ կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման ծրագիրը

analitik.am

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրության արդյունքների քննարկումը:

ՀՀ ԱԻՆ-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հետ համատեղ՝ «DG ECHO» ծրագրի ֆինանսավորմամբ, Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում իրականացրել է սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն իրականացվել է «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:

Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովել են Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները:

Համալսարանի ռեկտոր, գեներալ-մայոր Դանիել Բալայանը ներկայացրեց ստացված արդյունքները, առաջարկեց հետագա համագործակցության մի քանի անելիքներ:

Կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս կազմել սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, տեսնել պոչամբարների պատվարների հնարավոր փլուզման հետևանքները, հետևել սողանքային վտանգավոր գոտիների զարգացմանը և հստակեցնել արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի ճիշտ տեղաբաշխումը:

Նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի կիրառմանը արտակարգ իրավիճակներում, շեշտեց, որ ավիացիոն համալսարանի հետ համագործակցությունն ամուր է ու ստացված.

- Այս համատեղ աշխատանքը լուրջ արդյունք է խոստանում՝ անհրաժեշտության դեպքում Արտակարգ իրավիճակների նախարարության անելիքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար, - եզրափակեց նախարարը:

Անօդաչու թռչող սարքերի կիրառումն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Անօդաչու թռչող սարքերի միջոցով ստացված տվյալները ներառվելու են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Երկրատեղեկատվական համակարգերում՝ համալրելով տեղեկատվական շտեմարանները:

Նույն շարքից